211652_close_icon
views-count1244 դիտում article-date 18:27 10-03-2022

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան շուտով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ  հումանիստ  կանանց  կյանքի և Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015թ. ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով և առ այսօր ցուցադրվել է  արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:

Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:

«Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում  է փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորներ: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը:    
            
Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Նա և անկախ հետազոտողներ, ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուքիայում  ծրագրված և իրագործված ցեղասպանությունները, ներկայացնում են ԱՄՆ-ի հումանիտար օգնության մասին հետաքրքիր տեղեկություններ:

Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ: 

Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:

68 ր տևողությամբ ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է` հայերեն թարգմանությամբ:        
                                       
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների երախտագիտության արտահայտումն է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին:
Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը  /Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի միջոցով/:                   
                    
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: Երևանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` Մոսկվա կինոթատրոնում:

Ֆիլմի ցուցադրական (Demo) հոլովակ
Դիմատետրի էջ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր