Դատավոր Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը. Վարոսյան
Մեկ ամիս է ինչ Հայաստանում արդեն բացահայտ ու պաշտոնապես կալանավորված է արդարադատությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը։
Ու հիշեք նաև, որ այս ամենը իշխող վարչակարգը կատարում է արևմտյան «առաջաղեմ» ու «ժողովրդավարական» պետությունների արդեն բացահայտ հովանավորությամբ։ Նիկոլի ռեժիմի տարատեսակ տերերի մասին լոլոներ կարդալուց, միշտ հիշեք, որ առնվազն մինչ այս պահը այդ ռեժիմը գտնվում է արևմուտքի, ոչ միայն լուռ, այլ նաև «ժող.բաստիոնին» 24 ժամ ռեժիմով դեֆերամբներ ձոնող հովանու տակ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Վերջինս մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բախշիյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Նշենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել էր բավարարելն 2 միջնորդությունները:
Փետրվարի 16-ին Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժվել է։