211652_close_icon
views-count1970 դիտում article-date 20:12 05-03-2022

Տեղի է ունեցել հանրային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի նախագծի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնք ծրագրի նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ և դիտարկումներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն՝ ընդգծել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս իրավունքների առաջխաղացման ապահովման կարևորությունը։

Նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների փաթեթի ընդունումը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, հաշմանդամության հիմքով խտրականության բացառմանը, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովմանը․

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրում սահմանված հիմնական ուղղությունները ութն են, որոնց նպատակն է բացառել հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումը, ապահովել միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության, ինչպես նաև որակյալ ներառական կրթության իրավունքի մատչելիությունը։ Կարևորում ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովումը, անկախ կյանքին աջակցող ծառայությունների ձևավորումն ու զարգացումը»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը նշել է, որ ծրագրի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված է եղել հաշմանդամություն ունեցող շուրջ 70 անձ, որոնց կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել նախագծում։ 

Հանրային քննարկումը կազմակերպել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Նմանատիպ նյութեր