211652_close_icon
views-count1194 դիտում article-date 15:21 03-03-2022

«Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը». ՀԱԳՄ նախագահ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ,որում ասվում է.

«Հարգելի՛ գործարարներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ «Գործարարի օրվա» կապակցությամբ։ Այս տարի մարտի 3-ն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ լրանում է հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-րդ տարեդարձը։ Չնայած անցած երկար ժամանակահատվածին՝  այսօր էլ  մեր հարգանքի տուրքն ենք մատուցում արժանավոր հայորդուն՝ որպես հաջողված գործարարի, ազգանվեր գործչի, մեծ հումանիստի։

Ներկայում էլ մեզանում մեծ թիվ են կազմում Մանթաշյանցի կերպարին ու պատգամներին հավատարիմ գործարարները, որոնց անկոտրում ջանքերն ուղղված են ոչ միայն իրենց ընկերությունների բնականոն գործունեության հստակ կազմակերպմանը, այլև՝ հանրային բարիքների, աշխատատեղերի ստեղծմանը, երկրի ու հասարակության առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Կարող ենք վստահաբար արձանագրել, որ այսօր Հայաստանում ունենք կայացած արհեստավարժ գործարար համայնք, որն իր ներուժով լիովին մրցունակ է միջազգային տնտեսական հարթակներում, կարող՝ արագ կողմնորոշվելու հանկարծահաս մարտահրավերների պայմաններում, նորարարական մոտեցումներ ու ճկուն մարտավարություն դրսևորելու համաշխարհային տնտեսության միտումներին ու վայրիվերումներին համապատասխան։ Այդ կայացվածությունը վառ դրսևորվեց նաև մեր երկրին պարտադրված պատերազմի ընթացքում, հետպատերազմյան ու համավարակային շրջանում, երբ գործարարության շնորհիվ պահպանվեց տնտեսական կայունությունը, աշխատատեղերի կրճատումներ չարձանագրվեցին, հաղթահարվեցին բազմաթիվ կազմակերպչական ու  սոցիալական խնդիրներ, իրականացվեցին մեծաթիվ բարեգործական նախաձեռնություններ։

Ժամանակներն այնպիսին են, որ ականատեսն ենք աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների, օր-օրի ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ։  

Դրանց դիմակայելու ու հաղթահարելու լավագույն ճանապարհն անխոնջ շարունակական աշխատանքն է, եղած ներուժի, ջանքերի մեկտեղումը, ստեղծարար ու արդիական լուծումների որոնումը, հայրենական և Սփյուռքի գործարար կարողությունների համադրումը, նպատակային ռազմավարությամբ Հայաստանի ու Արցախի տնտեսական հզորությունների ամրապնդումը և զարգացումը։

Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը։ Ուստի, հարգելի՛ գործընկերներ, օրվա խորհրդին համահունչ՝ հաջողություններ եմ մաղթում ձեր գործարար նախաձեռնություններին, երկրի տնտեսական հզորությանն ուղղված ջանքերին, ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությանը։   
 

Նմանատիպ նյութեր