211652_close_icon
views-count1328 դիտում article-date 11:38 01-03-2022

Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրամիությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը:
Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել:

«Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը:

Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը:

«Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:

Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը:

Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը:
Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:
 

Նմանատիպ նյութեր