Կեսօրից հետո բարձրախոսով Խրամորթը լքելու կոչեր չեն հնչել, խաղաղապահները խոստացել են լուծել խնդիրը. Արցախի ՆԳՆ
«Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»:
Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի»:
Այս մասին ասվում է Արցախի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը:
Ըստ ՆԳՆ հաղորդագրության, այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:
ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը:
Հիշեցնենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական դիրքերից բարձրախոսով բնակիչներից պահանջում էին լքել տներն ու հեռանալ, ընդ որում՝ դա արվում էր հայերեն լեզվով։