211652_close_icon
views-count1302 դիտում article-date 11:43 22-04-2014

ԼՂՀ վարչապետը ընդունել է հանրակացարանների բնակիչներին և խոստացել կարճ ժամանակում լուծել խնդիրը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա հարությունյանը ապրիլի 21-ին ընդունել է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 120 և 120ա հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերի վերանորոգման և օտարման հետ կապված հարցեր: Իր խոսքում վարչապետը նշել է, որ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով նախատեսված է լուծել վթարային և հանրակացարանային շենքերի խնդիրը: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ պետք է քաղաքացիները պետության հնարավորություններից տեղյակ լինեն և ըմբռնումով մոտենան կառավարության որոշումներին: Նրա խոսքով՝ կապիտալ շինարարության համար պետբյուջեից նախատեսված 11 միլիարդ դրամի շրջանակներում կառավարությունը պետք է կառուցի դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, այդ պատճառով խնդիրներն աստիճանաբար են լուծվում: իսկ միայն վթարային ու հանրակացարանային շենքերի օտարման կամ պայմանների բարելավման համար անհրաժեշտ է մի քանի միլիարդ դրամ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է հանդիպմանը ներկա բնակիչներին, որ կարճ ժամանակում լուծվելու են երկու հանրակացարանների խնդիրները: Նա նշել է, որ ընտանիքների մի մասին տրամադրվելու են բնակարաններ այլ բնակֆոնդերից, իսկ հանրակացարաններում ազատված սենյակները փոխանցվելու են մնացյալ ընտանիքներին: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետությունն իր վրա է վերցնելու անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կառուցումը՝ հանրակացարանները դարձնելով քաղաքաշինական նորմերին համապատասխանող շենքեր: Քաղաքացիների հարցերին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ խնդրով զբաղվող հանձնաժողովը մշակելու է համապատասխան սկզբունքները՝ բանակցելով բոլոր ընտանիքների հետ, որոնց հիման վրա որոշվելու են նոր բնակարաններ ստացող և տեղում մնացող ընտանիքների ցանկերը: Նա տեղեկացրել է բնակիչներին, որ հանձնաժողովի աշխատանքները լինելու են առավելագույնս թափանցիկ, և այն պարբերական կապի մեջ է լինելու իրենց հետ:

Նմանատիպ նյութեր