211652_close_icon
views-count2712 դիտում article-date 11:28 22-02-2022

Արցախի նախագահի ուղերձը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ուղերձ է հղել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ, որում ասված է.

«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը:

Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:

Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:

Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»:

Նմանատիպ նյութեր