211652_close_icon
views-count1785 դիտում article-date 10:37 22-02-2022

Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային. միջազգային ատյաններում գործընթացն սկսված է․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռազմագերիների վերադարձի ձգձգումը համարվում է պատերազմական հանցագործություն։ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից բավականին ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի դրույթները՝ միաժամանակ չկատարելով գերիների մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Արդյունքում առայսօր հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ քաղաքական եւ հանրային օրակարգերում։ Այս ուղղությամբ տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումների, միջազգային դատարաններում ընթացող գործընթացների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Ադրբեջանը ռազմագերիների խնդիրը մտցրել է քաղաքական օրակարգ, եւ քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է, դրանով փաստացի լեգիտիմացվում է բանակցությունների միջոցով ռազմագերիներին վերադարձնելու խնդիրը։ Արդյունքում այդ խնդրի ամբողջական եւ վերջնական լուծումը կապվում է քաղաքական պահանջների կատարման հետ։ «Դա է պատճառը, որ իրավական առումով խնդիրներ են բարձրաձայնվում պատանդառության մասով։ Ռազմագերիները չեն հայրենադարձվում եւ պահվում են որպես պատանդներ ի երաշխիք քաղաքական պայմանավորվածությունների կատարման կամ նոր քաղաքական պահանջների բավարարման։ Իրավական առումով, խախտումների տեսանկյունից բարձրաձայնվում է նաեւ անձնական ազատության հարցը, քանի որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմագերիներն ապօրինի են պահվում, եւ նրանց անազատության մեջ պահելու իրավական հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն»,- մանրամասնեց Սահակյանը։

Միջազգային դատական ատյաններում ձեւական առումով գործերը վարույթ են ընդունված, գործընթացն սկսված է։ Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը եւ գործերի քննության միջին տեւողությունը, դեռ ամիսներ կպահանջվեն բուն գրավոր դատաքննությանն անցնելը։ «Իհարկե, այդ գործերին դատարանը տվել է առաջնահերթություն, եւ եթե այլ համանման դեպքերում գործերի քննության տեւողությունը կարող էր տեւել 5-7 տարի, ապա մեր պարագայում ակնկալում ենք, որ մինչեւ 3 տարվա ընթացքում կունենանք արդեն վերջնական դատական ակտեր»,- նշեց զրուցակիցս։

Ադրբեջանի նման հանցագործ կեցվածքը հաշվի առնելով եւ միջազգային քաղաքական օրակարգում խնդրին ավելի լայն հնչեղություն տալու նպատակով, իրավապաշտպանն ընդգծեց հայկական կողմի որոշ քայլերի անհրաժեշտության մասին. «Հայաստանը կարող էր ակտիվություն ցուցաբերել եւ քաղաքական մակարդակով դատապարտել այս պատերազմական հանցագործության կատարումը, որպեսզի գործընկեր երկրները Բաքվի բարձր քաղաքական, ռազմական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքներ ստեղծեին։ Սա  ավելի կոշտ ճնշման գործիք կլիներ, քան ընդհանրական ձեւով դատապարտող կոչերը կամ ազատ արձակելու հորդորները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր