211652_close_icon
views-count59356 դիտում article-date 20:41 19-02-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած, 20-ամյա հերոս Իշխան Մանուկյան. կյանք տվիր՝ կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Հավերժ ներկա» խորագիրը կրող մեծարման հուշ-երեկո:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշ-երեկոն նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, երևանցի Իշխան Մանուկյանի հիշատակին:
 
Այսօր լեգենդար հերոսը կդառնար 20 տարեկան:
 
Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, նրա սխրանքների մասին իմացողները, ովքեր նշում էին. «Մենք Իշխանին ու նրա նման բոլոր նահատակված առյուծ ու արծիվ տղերքին բացակա չենք դնի: Նրա շնորհիվ է, որ մենք հիմա կանք: 44-օրյա պատերազմում Իշխանն ու նրա նման հերոս տղերքը չեն պարտվել: Ամեն անգամ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելիս, այսօր նույնպես այցելելու ենք, մենք ի լուր աշխարհի կասենք. լավագույն տղերքը հեռանում են, լավագույն տղերքը կյանք տվին՝ կյանքի համար»:
 
Միջոցառման ժամանակ իր երգով հանդես եկավ նաև հերոսի քույրը:
 
Իշխան Արայի Մանուկյան, ծնվել է 2002թ. փետրվարի 19-ին։
 
Բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Գյուղակադեմիա, իսկ 2020թ. հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ, ծառայել Արա լեռում։
 
Պատերազմը սկսելու օրից մոտ 5 օր հետո է առաջին անգամ զանգահարել ու ինքնավստահ, ուրախ ձայնով տան անդամներին վստահեցել, որ ամեն ինչ կարգին է, չանհանգստանան։
 
44-օրյա պատերազմը սկսվելուց հետո 33 օր հրետանիով կռիվ են տվել Հադրութում, Մարտունիում, Ստեփանակերտում, քնել խրամատներում, բայց ոչ մի օր տխուր ու լարված չի խոսել։ Անգամ հեռախոսով խոսելիս պայթյունների ձայներ էին գալիս, ասում էր՝ մի վախեցեք, ես ապահով վայրում եմ, ուղղակի արձագանքում է իմ մոտ, պատմում են ծնողները։
 
Երբ զինակից ընկերներն Իշխանի զոհվելուց հետո հյուր էին գնացել նրա տուն, պատմել են՝ ինչպես է Իշխանը մի անգամ մահից փրկվել ու ինչ հերոսություններ է արել։ Նրանցից մեկը հիշում էր, որ Հադրութի գյուղերից մեկում Իշխանն է տեսել թշնամու «Յաշմա» ջոկատին, որոնք ցանկացել են շրջափակել իրենց, սակայն Իշխանը ժամանակին զեկուցել է հրամանատարությանը։
 
Զոհվել է հոկտեմբերի 29-ին: Անօդաչու սարքից ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել էրեբունի հիվանդանոց, որտեղ էլ 5 օր անց անմահացել է։
 
Փառք ու պատիվ մեր հերոսներին:

 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին