211652_close_icon
views-count8332 դիտում article-date 10:45 19-02-2022

Ո՞ւմ է ձեռնտու Քոչարյանին ասպարեզում պահելը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե կա որեւէ մեկը, որը պատասխանատու է (կամ, եթե ուզում եք՝ մեղավոր է) այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյանի նման, մեղմ ասած, ոչ միանշանակ համբավ ունեցող նախկին ղեկավարը դարձավ քաղաքական դեմք, ընդդիմադիր խմբակցության «առաջնորդ» եւ առայսօր շարունակում է մնալ ասպարեզում, ապա դա, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է:

2018 թվականին «մերժում էին Սերժին», ոչ թե Քոչարյանին, եւ մակերեսային տրամաբանության տեսանկյունից, կարծես թե առանձնապես իմաստ չուներ իշխանության գալուց հետո ընդլայնել «մերժման» շրջանակները: Չգիտեմ, թե որ «պայծառ ուղեղն» է խորհուրդ տվել վարչապետին հետապնդում սկսել «սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով», բայց դա լավ առիթ դարձավ նախկին նախագահին «շրջանառության մեջ դնելու»:

Որ Քոչարյանը պատասխանատվություն է կրում մարտի 1-ի սպանդի համար՝ դա, իմ կարծիքով, ակնհայտ է: Բայց գործ հարուցել ա՛յդ հոդվածով եւ քննությունն ու դատավարությունը վարել ա՛յդ եղանակով… այստեղ կարելի է տեսնել կա՛մ անփութություն եւ անգրագիտություն, կա՛մ էլ՝ հեռու գնացող հաշվարկ:

Անցած շաբաթ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ դատավարություն: Այս անգամ նա Արմեն Գեւորգյանի հետ միասին մեղադրվում է նրանում, որ ժամանակին միջնորդավորված ձեւով կաշառք է ստացել հանքարդյունաբերական ընկերությանը շահագործման արտոնագիր տալու համար: Ըստ մեղադրանքի, այդ ընկերության սեփականատեր Սիլվա Համբարձումյանը 3 միլիոն դոլար է տվել գործարար Սամվել Մայրապետյանին, որն էլ այդ գումարը փոխանցել է Քոչարյանին: Չգիտեմ, այդպիսի բան եղել է, թե ոչ, բայց չեմ նախանձում այն դատախազությանը, որը նման մեղադրանքը պաշտպանում է եւ այն դատարանին, որը գուցե ստիպված լինի այդ մեղադրանքը հաստատել:

Դարձյալ ոչ մի կասկած չունեմ, որ Քոչարյանն իր իշխանության օրոք հարստացել է՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Բայց խոսել 4 միլիարդի մասին, իսկ հետո մեղսագրել 3 միլիոնը, այն էլ՝ դժվար ապացուցելի գործարքը վկայակոչելով, դա օբյեկտիվորեն ձեռնտու է երկրորդ նախագահին: Քանի որ հայտնի է, որ դատախազության մի քանի առանցքային աշխատակիցներ լավ մասնագետներ են, կարելի է ենթադրել, որ նրանք ստիպված են քաղաքական պատվեր կատարել: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչու են նման պատվերներ իջեցվում:

Իսկ գուցե ներկա իշխանությանը ձեռնտո՞ւ է Քոչարյանին «գլխավոր ընդդիմադիրի» կարգավիճակում պահելը՝ մի գործչի, որի՝ իշխանության վերադարձից սարսափում են հազարավոր քաղաքացիներ: Եթե այդպես է, ինչը կասկածահարույց է, ապա քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից դա գրագետ մարտավարություն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր