211652_close_icon
views-count35769 դիտում article-date 20:33 11-02-2022

Գյումրիում կադաստրի կոմիտեն կարող է ձեռնոց նետել Օսկարի մրցանակաբաշխությանը՝ որպես դափնեկիր «բեզպրեդել ու գործսարքոցի» անվանակարգում

Այսօր՝ փետրվարի 11-ին,  աշխատանքից ազատել են  կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման արխիվի երկարամյա պետ Անահիտ Արևշատյանին՝ օրենքի կոպտագույն խախտմամբ ու շինծու երկու  խիստ նկատողություններով։ Իսկ քաղծառայության խորհուրդը, որը ստեղծված է պաշտպանելու քաղծառայողի իրավունքները, կամայական վերաբերմունքից նրանց զերծ պահելու, իր անգործությամբ թույլ է  տվել  այս ամենը։

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ անդրադարձել է կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում տիրող խայտառակ մթնոլորտին ու արխիվ պետ Անահիտ Արևշատյանի նկատմամբ կատարվող ապօրինություններին, որոնք սկսվել  էին այն պահից, երբ վերջինս  2020 թվական սեպտեմբերից համաձայնել էր ստանձնել  այդ կառույցի ղեկավարի ժ/պ-ի պարտականությունները։

Մեր տեղեկություններով, այդ պահից սկսած նախորդ պետ Արայիկ Առաքելյանը նորից պաշտոնի վերադառնալու մոլուցքով այն ժամանակվա Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ու կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանի, վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանի բարձր հովանու ներքո լծվել  էր ինտրիգների հրահրմանը, մթնոլորտի փչացմանը։

Շինծու բողոք էին սարքել տվել Անահիտ Արևշատյանի դեմ, որի իրականությանը չհամապատասխանելն ապացուցվել էր Շիրակի մարզային քննչական վարչությունում (կա փաստաթուղթը՝ քննիչի որոշումը):

Ինչևէ,  կոռուպցիայի դեմ պայքար քարոզող Հայաստանի ներկայիս իշխանության օրոք կադաստրի կոմիտեում պատվերով ու գործ սարքելով քաղծառայողի են ազատում։

Անահիտ Արևշատյանից ճշտեցինք, որ նրան առաջին խիստ նկատողությունը տվել են հունվարի 5-ին, այն բանից հետո, երբ «հանդգնել» էր դիմել քաղծառության խորհուրդ՝ խնդրելով պաշտպանել իր իրավունքները և վերականգնել  պաշտոնի անձնագրով իրեն վերապահված լիազորությունները, որից նրան զրկել էին Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նորանշանակ պետ Սերգեյ Սարգսյանի միջոցով։

Նշանակել էին ծառայողական քննություն, քննությունը վարող Արման Թևանյանն էլ, առիթն օգտագործելով, փոխել էր թեման, կեղծ հիմքեր ստեղծելով՝ քննել էր տվյալ քաղծառայողի վարքագիծը, որի իրավունքը բացառապես չի ունեցել՝ առանց էթիկայի հանձնաժողովի ձևավորման։։

Եվ այսպես խիստ նկատողություն տալու մասին ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի որոշումը կայացվել է ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի և 35 հոդվածի պահանջների կոպտագույն խախտմամբ:

Փաստորեն, քաղծառայողի էթիկա ունենալ-չունենալը որոշել են ծառայողական քննություն վարողն ու գլխավոր քարտուղարը, էթիկայի հանձնաժողով՝որպես այդպիսին չի էլ ձևավորվել։
Թե ինչու չի ձևավորվել էթիկայի հանձնաժողով, պատասխանը  թերևս մեկն է,  ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ ուղղակիորեն չեն ցանկացել ընդգրկել (կամ համաձայնվող չի եղել)  պաշտոնատար անձանց և անձի, որը, համաձայն Քաղծառայության օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի՝ պետք է նշանակվեր հանձնաժողովի նախագահ։ Իսկ հանձնաժողովի նախագահն, ըստ օրենքի, չէր կարող լինել կադաստրի կոմիտեից։

Հունվարի 5-ին խիստ նկատողություն տալու հրամանից ընդամենը մեկ աշխատանքային օր հետո՝ լծվել են  նրա նկատմամբ երկրորդ ծառայողական քննություն սկսելուն ու տվել են երկրորդ խիստ նկատողությունը՝ միտում ունենալով  ազատել աշխատանքից։ Ըստ Քաղծառայության մասին օրենքի, երկու խիստ նկատողության դեպքում ազատվում է աշխատանքից։

Անահիտ Արևշատյանի տեղեկացմամբ, երկրորդ  ծառայողական քննությունը սկսել էին այն պատճառով, որ նա՝ որպես արխիվի պետ, չի ստորագրել իր ենթակայության տակ գտնվող երկու քաղծառայողների ու նաև իր կիսամյակային գնահատականների հաշվետվության տակ։
Անահիտ Արևշատյանի փաստմամբ, ինքն այդ երկու աշխատակիցների տարեվերջյան գնահատականն ուղարկել է էլեկտրոնային եղանակով՝ գլխավոր քարտուղարին, ինչպես նաև  ծառայողական քննությունը վարող Արման Թևանյանին՝ զեկուցելով, որ  տեղեկացված չէ  նրանց կողմից կատարված աշխատանքից, քանի որ նրանց անմիջականորեն հանձնարարականներ է տվել պետը՝ Սերգեյ Սարգսյանը։ Ի դեպ, Սերգեյ Սարգսյանը ևս իր բացատրության մեջ խոստովանել է, որ այդ աշխատակիցներին անմիջապես ինքն է հանձնարարականներ տվել, այլ ոչ թե արխիվի պետ Արևշատյանը։

Ծառայողական քննությունը բացվել է նաև Շիրակի մարզային ստորաբաժանման նորանշանակ պետ Սերգեյ Սարգսյանի՝օրենքի կոպտագույն խախտումներով հանձնարարականներ տալու ու իբր թե չկատարելու մասին զեկուցագիր ներկայացնելու հիման վրա։ Ի դեպ, կադաստրային գիտելիքներից զուրկ սույն անձին հատուկ նշանակել  էին պլանն ավարտին հասցնելու, այն է՝ քաղծառայող Արևշատյանից ազատվելու համար։

Սերգեյ Սարգսյանի նշանակման հարցում, ըստ տեղեկությունների, միջնորդել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որի հետ նա ընկերացել էր Արցախում աշխատելու տարիներին։

Արխիվի նախկին պետի ասելով, իրեն զրկել էին քաղծառողի պաշտոնի անձնագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարումից, հետևաբար ինքը չէր կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որից բացարձակապես անտեղյակ էր։ Այդ մասին նա ճիշտ ժամանակին զեկուցել է գլխավոր քարտուղարին, խնդրել է հաշվի առնել այդ ամենը, սակայն, նրա զեկուցագիրը մի կողմ է նետվել։ Ավելին, այս ամենն անտեսելով՝ Անահիտ Արևշատյանի նկատմամբ,  այնուամենայնիվ, ծառայողական քննություն են նշանակել ու երկրորդ խիստ նկատողությունը տվել։

Ինչպես երևում է, Հայաստանի Հանրապետության օրենքները բացարձակապես չեն հետաքրքում կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, վերջինս թերևս Նիկոլ Փաշինյանի նշանակած այն եզակի կադրերից է, որը  չի ազդվում ոչնչից․  ո՛չ դատախազի, ո՛չ ոստիկանապետի գրություններից, ո՛չ մամուլի հրապարակումներից, ի ցույց բոլորի՝ «բեզպրեդել»  աշխատոճի է անցել՝ իրեն դնելով իր երազած չինովնիկի տեղը ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետության կարևորագույն պետական կառույցներից մեկը։

Ապշեցնող է, որ կադաստրի կոմիտեի ղեկավարը գյումրեցի քայլիստուհիներից մեկին որպես անմիջական  ինֆորմատոր է պահել այնտեղ, որը սակայն, ըստ տեղեկությունների,այս գործում ևս պրոֆեսիոնալիզմ չի դրսևորել։

Մեզ հասած հավաստի տեղեկություններով, կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանումում նման մթնոլորտի ստեղծման  գլխավոր դերակատարներից է եղել ՔՊ-ական Անժելա Մ․ Մաթոսյանը, որը համարվում էր Կարեն Սարուխանյանի կադրերից, իսկ վերջինիս «գահընկեց» լինելուց հետո, ըստ շրջանառվող լուրերի, նոր տերեր է փնտրում ՔՊ-ական իշխանավորների շրջանակում։

Վերջինս  մոտ 2 տարի է՝ ինչ աշխատում է կադաստրում՝ որպես օպերատոր, սակայն, ըստ տեղեկությունների, 9 ամիս  շարունակ նրա միջոցով կազմակերպվել են շինծու բողոքներ, դավադրություններ ու  ինտրիգներ հրահրվել արխիվի պետի դեմ։

Մեզ հասած տեղեկություններով,  այս ամբողջ պատմության պատվիրատուն՝ նախկին իշխանություններին մեծ  ծառայություններ մատուցած Արայիկ Առաքելյանը, հանուն պաշտոնի մի քանի ամսով անգամ ՔՊ-ական է դարձել, սակայն տեսնելով, որ իրեն համառորեն չեն վերադարձնում հին պաշտոնին, լքել  է իր համար «անպիտան» կուսակցության շարքերը։ Վերջինս  անգամ արտահայտվել է, թե հանեք անունս, քյար չկա այդ կուսակցությունից։ Այս մասին հեգնելով  պատմում են հենց  տեղի ՔՊ-ականները։

Արայիկ Առաքելյանի՝ ՔՊ-ի շարքերը  ընդգրկվելու մասին փաստել է նաև նախկին ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը իր հարցազրույցներից մեկում։

Այդուհանդերձ, շնորհիվ իր հովանավորների, վերջինս դեռ մեծ դերակատարություն ունի կադաստրային համակարգում,  օրինակ՝ աշխատակազմի գլխավոր քարտուղար  Գագիկի Եգանյանի միջնորդությամբ բարձացնել է տվել քրգործով անցնող Շիրակի մարզային ստորաբաժանումում աշխատող իր բարեկամի՝ Արսեն Պողոսյանի պաշտոնը։

Զավեշտալի է, որ ժողովրդավարական արժեքներից խոսող, կոռուպցիան որպես թշնամի դիտարկող նորօրյա իշխանության ղեկավարած կառույցում նման անզուսպ պատմություն է ծավալվում, օրենքները ոտնահարվում են,իսկ այսքանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Թովմասյանին դեռ շարունակում է  վստահել  կադաստրի ղեկավարի պատասխանատու պաշտոնը։
 

Նմանատիպ նյութեր