211652_close_icon
views-count1458 դիտում article-date 14:04 10-02-2022

175 մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն Կառավարության սահմանված չափորոշիչներով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշոց, որ ՀՀ-ում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն ՀՀ կառավարության 2005 թվականին սահմանած չափորոշիչներով: 

«Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականով: Հայաստանի Հանրապետությունում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներ, մնացածը ՀՈԱԿ-ներ են: Եվ միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում Կառավարության 2005 թվականի համապատասխան որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և ախտահանման աշխատանքների հսկողությունը:  Այս չափորոշիչներով առաջնորդվելը ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքների արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը: Ներկայացված նախագծի ընդունմամբ հանրապետության ՊՈԱԿ և ՀՈԱԿ   հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշմամբ»,- նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Դումանյանը հայտնեց, որ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականի սեպտեմբերի 1-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ թե սպորտի, թե հանրակրթության բնագավառում Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չգործեն:

«Եվ այս օրենքը մարզադպրոցների աշխատանքը կանոնակարգելու նպատակ ունի, որն իր հետ բերում է որոշակի պահանջներ և որոշակի ստանդարտներ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր