211652_close_icon
views-count1701 դիտում article-date 13:27 10-02-2022

ՀՀ-ում արդարություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում. Փաշինյանը դեպք պատմեց

Դուք գիտեք, որ այսպիսի հարցերն ունեն հանրային զգայունություն եւ այդ զգայունության հետ բոլորովին վերջերս առնչվեցի մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով քննիչների, դատախազների ու դատավորների թոշակները բարձրացնելու վերաբերյալ իրենց որոշմանը:

«Հանդիպման մասնակիցներից մեկը էսպիսի արձանագրում արեց, ասաց. «Էս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք բռնում եք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում:  Սա շատ կարևոր արձանագրում էր, ես ասացի, որ հենց ձեր նշած պատճառով է, որ մենք այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա, որովհետև, երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, մենք այդ համակարգը ինչքան իրանց համար ենք ստեղծում, այնքան էլ ձեզ համար ենք ստեղծում. մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին: Սա ուղիղ ազդեցություն ունի ոչ միայն թոշակի անցած, այլեւ այսօր գործող քննիչների, դատավորների, դատախազների վրա, որովհետեւ նաեւ իրենք ամեն օր վաղվա օրվա մասին էլ են մտոծում: Եթե կան որոշակի սոցիալական երաշխիքներ, դա չի կարող չազդել իրենց աշխատանքի որակի ու արդարադատության համակարգի որակի վրա»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, թե միջազգային հետազոտությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանում դատական, դատաիրավական բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել ու ձեռքբերումներ կան:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ասաց, թե դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:

«Այո, քաղաքացիները, ցավոք սրտի, իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը ու շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում», - ասաց նախարարը` հավելելով, որ իրենք աշխատում են նաեւ այդ պաշտոնյաների նկատմամբ պատասխանատվությունը մեծացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր