211652_close_icon
views-count95313 դիտում article-date 14:20 08-02-2022

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Մասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Արման Գասպարյանը։ 

Փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։

Այս պահին Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի կարգադրությամբ Արարատի մարզի տարածքային բաժիններում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար դիակի ինքնությունը։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր