211652_close_icon
views-count36847 դիտում article-date 09:20 08-02-2022

Մահացել է Ջեմմա Հասրաթյանը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի թիմը տեղեկացնում է. «Խոր վշտով տեղեկացանք Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական գործիչ, մեր Հիմնադրամի բարեկամ և երկարամյա գործընկեր Ջեմմա Հասրաթյանի մահվան մասին։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում տիկին Հասրաթյանի ընտանիքին և գործընկերներին։ Տիկին Հասրաթյանը եղել է մեր Հիմնադրամի գործընկերը վերջին 20 տարիների ընթացքում։ Նրա ղեկավարած Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր Հայաստանի համար, ջատագովել է Հայաստանի կանանց ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական և հանրային կյանքում։

Տիկին Հասրաթյանը խոր համոզմունք ուներ, որ կրթությունն է դեպի ցանկալի փոփոխությունը տանող ճանապարհը, որը պետք է Հայաստանին դասի աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ կանայք ունենալու են վճռորոշ ձայն երկրի համար կարևոր խնդիրների լուծումները գտնելու ժամանակ։

Տիկին Հասրաթյանի՝ մեծ հումանիստի կերպարը, թույլ չէր տալիս անտարբեր լինել սոցիալապես դժվար իրավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ։ Իր նախաձեռնությամբ, ղեկավարությամբ և անձնական մասնակցությամբ իրականացված «Օրորոց» ծրագիրն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես խոցելի հարյուրավոր ընտանիքների, որոնք ունեին նորածին երեխա։ Այս ծրագիրը, մասնավորապես, մեծ օգնություն ցուցաբերեց Քովիդ-19 համավարակի ժամանակ։ 

Տիկին Հասրաթյանն անձամբ էր այցելում սահմանամերձ գյուղեր և իրականացնում աջակցության փաթեթների հանձնումը։ Տիկին Հասրաթյանը ներկայացնում էր մի ամբողջ դարաշրջան,  տարբեր սերունդներ ու իր մեջ կրում էր իր ապրած հարուստ կյանքի ամբողջ փիլիսոփայությունը, գիտելիքն ու փորձը, որը ցանկացած առիթով պատրաստ էր կիսել յուրաքանչյուրի հետ՝ համոզված լինելով, որ նման գիտելիքի փոխանցումը ևս կրթելու առիթ է։

Մեր Հիմնադրամի համար մեծ պատիվ էր համագործակցել տիկին Հասրաթյանի հետ, լինել նրա ժամանակակիցը, սովորել և կրթվել նրանից։ Տիկին Հասրաթյանը կմնա մեր հուշերում որպես անկոտրում կնոջ կերպար, ում համար արդարությունը, ազատությունը, հավասարությունը բարձրագույն արժեքներ էին»։

 

Նմանատիպ նյութեր