211652_close_icon
views-count3492 դիտում article-date 10:03 01-02-2022

Հասարակությունը դուրս կգա՞ երկարատև թմբիրից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստանի վերականգնման ուղղությամբ գրեթե ոչինչ չձեռնարկվեց, որի արդյունքում 2022 թվականին արդեն ավելի լուրջ մարտահրավերների ենք բախվում։ Նախ՝ հաշվի առնելով երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ պատերազմից հետո Հայաստանը պետք է անմիջապես ձեռնամուխ լիներ պետական և անվտանգային համակարգի բարեփոխմանը, անհրաժեշտ սպառազինությունների ձեռքբերմանը և տնտեսության վերականգնմանը։ Եթե այս ամենն արվեր ժամանակին, ապա Հայաստանի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին իրադրությունն այսօր այսքան սուր բնույթ չէր ստանա, ու հակառակորդը այսքան չէր լկտիանա, որ հանդգներ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք ու հրաժարվեր հեռանալուց։

Բայց հետաքրքիրն այն է, որ պատերազմից արդեն մեկ տարի երկու ամիս ժամանակ է անցել, սակայն իշխանությունները հազիվ կարողանում են մի քանի ուղղաթիռ ձեռք բերել ու այդ ֆոնին փիառվել, թե իբր մեծ գործ են արել։ Սակայն ռազմավարական առումով խնդիր լուծելու համար անհրաժեշտ է պետական մակարդակի լուրջ աշխատանք։ Ցավալի է, բայց փաստ, որ պետական համակարգը լիովին քարուքանդ վիճակում է գտնվում, մի կողմից՝ պրոֆեսիոնալիզմն անտեսված է, մյուս կողմից էլ՝ ինչքան նորահայտ ու դիլետանտ դեմքեր կան, որոնք 2018 թվականին քայլելուց և իշխանություններին հաճոյանալուց բացի ոչինչով աչքի չեն ընկել, Փաշինյանի կողմից նշանակվում են ամենապատասխանատու պաշտոններում։

Ու Փաշինյանն էլ իր խոսքում կադրերի նշանակման այս մոտեցումն անընդհատ արդարացնում է նրանով, թե որքան կարևոր է, որ կարևորագույն պաշտոններում քաղաքական դեմքեր լինեն և քաղաքական պատասխանատվություն վերցնեն իրենց ուսերին։ Սակայն հարցն այն է, թե ինչքանո՞վ է, օրինակ՝ նպատակահարմար քաղաքական պատասխանատվությունը դեսպանների պաշտոններում քպականների նշանակման դեպքում, երբ միևնույնն է, այդ մարդիկ արտաքին քաղաքականության նրբություններին չեն տիրապետում և ընդունակ չեն արտաքին աշխարհում առաջ մղել Հայաստանի շահերը։ Այլ իմաստով՝ այսպիսի պրակտիկան կարելի է հասկանալ հետևյալ կերպ՝ Փաշինյանին պետք է, որ պետական համակարգի կարևորագույն օղակներում այնպիսի մարդիկ լինեն, որոնք իր գծած քաղաքական կուրսից մեկ միլիմետր չեն շեղվի, եթե նույնիսկ այդ կուրսը շատ դեպքերում հակասում է պետության շահերին։

Բացի դրանից, պետական համակարգը չափից դուրս բևեռացած է ու միայն մեկ անձի շուրջ է կառուցված։ Եվ պատահական չէ, որ քննադատական խոսքի կամ սոցցանցային հավանումների պատճառով մարդկանց կարող են աշխատանքից ազատել, ընդհուպ հետապնդումների ենթարկել։ Սուպերվարչապետական համակարգն էլ ծայրահեղ դրսևորումներ է ունենում, քանի որ փոխզսպման և հաշվետվողականության սկզբունքները չեն գործում, և Փաշինյանն ում ցանկանում, ինչ պաշտոնում ցանկանում, նշանակում է՝ առանց նշանակման նպատակահարմարությունը ներկայացնելու և հանրության առջև հաշվետու լինելու։ Դրա արդյունքում անվերջ նշանակումների ու ազատումների տեղապտույտում ենք։ Առաջիկայում էլ իշխանությունները նախագահ «կնշանակեն» իրենց քաղաքական շրջանակին հարող անձանցից մեկին, ու արդեն սուպերավտորիտարիզմը պատրաստ է։ Պետական համակարգի հետ մեկտեղ թշվառ վիճակի մեջ է հայտնվել տնտեսությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր