Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ լեգենդար Պետոյի ծննդյան օրն է
Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղևոնդյանի՝ լեգենդար Պետոյի ծննդյան օրն է:
Ազատամարտիկը ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին, Պռոշյան գյուղում: 1990 թ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման գործողություններին:
Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելիս:
Աճյունն ամփոփված է հայրենի գյուղի Ազատամարտի («Զորաց») պանթեոնում:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի (Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջան) միջնակարգ դպրոցները։
2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թ. ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ:
Պետրոս Ղևոնդյանը հետմահու (2000 թ.) արժանացել է Արցախի հերոսի կոչման:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրին ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեի անդամները՝ Պետոյի յուրաքանչյուր տարեդարձ նշվում է ըստ պատշաճի. գյուղի՝ հերոսի անունը կրող դպրոցում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվում են գյուղի Ազատամարտի պանթեոնում:
Պետոյին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնում: