211652_close_icon
views-count12458 դիտում article-date 14:46 27-01-2022

Օրենքով կթույլատրվի հողամասերն ընդլայնել

ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կիրականացվի, ըստ որի կթույլատրվի հողամասերն ընդլայնել մեկից ավելի անգամ։ Որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության հունվարի 27-ի նիստում:

Նախագիծը ներկայացնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այս նախագիծն ունի նախապատմություն: Նախարարի խոսքով` որոշ ժամանակ առաջ հարց էր բարձրացվել, որ արդեն ընդլայնված հողամասերն այլևս հնարավոր չէ ընդլայնել, ինչն էլ լուրջ խնդիրներ էր առաջացրել քաղաքաշինության ոլորտում:

«Այժմ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որի համաձայն թույլատրում ենք հողամասն ընդլայնել մեկից ավելի անգամ, և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա կառուցված շենք լինի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս փոփոխությունը թույլ կտա, որ այն հողակտորները, որոնք կարող են ավելի ընդլայնվել, ընդլայնվեն ու կարողանան մտնել տնտեսության մեջ:

Նախագծում նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը և դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը։ Աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ։ Հերթական նիստի ընթացքում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեց խնդիր կապված հողամասերի ընդլայնման հետ։

Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար։ Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն։ Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է։

Վերլուծելով նշված սահմանափակումները և դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա։ Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասում՝ դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական և թե ժամանակային ռեսուրսները։ Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ։ Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա։

Նախագծի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցումը և գործարար միջավայրի բարելավումը։

 Նախագծում ակնկալվում է կառուցապատման գործընթացի պարզեցում և հստակեցում, սեփականատերերի իրավունքների համապարփակ կիրառման հնարավորության ապահովում։

Նմանատիպ նյութեր