211652_close_icon
views-count3630 դիտում article-date 09:10 14-01-2022

Թափառող շներին հավաքելը չի կարող խնդրի լուծում լինել, իսկ սպանդը պարզապես անընդունելի է

Թափառող շներին հավաքելը չի կարող խնդրի լուծում լինել, իսկ սպանդը պարզապես անընդունելի է:

Հարություն Առաքելյանը գրում է. Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները թափառող շների լինել-չլինելու վերաբերյալ: Եթե Երևանում մասամբ հաջողվել է հասարակության գիտակցության մեջ տեղավորել թափառող առողջ շների հետ ապրելու գաղափարը, ապա մարզերում խնդիրը դեռ առկա է:

Թափառող կենդանիների խնդիրը դեռ երկար ժամանակ ակտուալ կմնա Հայաստանում, ու դրա գլխավոր պատճառներից մեկը ոլորտը բոլոր ուղղություններով կարգավորող օրենքի բացակայությունն է:

Չկան կարգավորող նորմեր ու հստակ պահանջներ: Չի’ վերահսկվում կենդանի պահողն ու բուծողը ու այսպես այլ խնդիրներ:

Օրենսդրական բացերից զատ, խնդիր է նաև հասարակության տեղեկացված լինելն ու բավարար կրթական մակարդակը: Մեր երկրում դեռ թափառող շները խիստ վտանգավոր են դիտարկվում, ու երեխաների մոտ վաղ տարիքից սկսած՝ սխալ վարքագիծ են ձևավորում շների նկատմամբ:

Այս ամենի համար անհրաժեշտ են տեղեկատվական արշավներ, որոնց միջոցով հանրությանը կտրամադրվի անհրաժեշտ ինֆորմացիան ստերջացման և, առհասարակ, կենդանիների հետ նույն միջավայրում ապրելու վերաբերյալ:

Իհարկե, այս ամենից զատ, կան նաև այլ խնդիրներ, մասնավորապես՝ շների ոհմակները, որոնք, իրոք, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար: Կան հիվանդություններ, որոնք շներից կարող են փոխանցվել մարդկանց և այսպես մի քանիսը: Բայց այս խնդիրները ժամանակակից աշխարհում ևս լուծելի են:

Օրինակ՝ մայրաքաղաք Երևանում 2019 թվականից սկսված իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիրը, որով կենդանիները նաև պատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ (կատաղություն հիվանդության դեմ պատվաստումային մեծ արշավ կա գրեթե բոլոր առաջադեմ երկրներում): Ստերջացման ծրագրով կանխվում է նաև վտանգավոր հիվանդություն ունեցող շների կապը մարդկանց հետ:

Երևանի օրինակը վարակիչ եղավ մի քանի խոշոր քաղաքների համար՝ Մասիս, Գյումրի, Էջմիածին, Աբովյան և այլն: Բայց քանի որ, ի տարբերություն մայրաքաղաքի, մյուս համայնքներում ծրագիրն արվում է խիստ սահմանափակ քանակով, հաճախ՝ անգամ պարտադրված, ապա խնդիրը չի կարող լուծվել և կրկին հիմնականում օրենսդրական բացով պայմանավորված:

Այժմ էլ նոր տենդենց կա՝ կասկածի տակ դնելով ստերջացման անարդյունավետությունը, առաջ քաշել կենդանիներին հավաքելն ու կացարանում պահելու անմիտ գաղափարը:
Սա ևս արդյունավետ չի կարող լինել: Նախ, կենդանիներին հավաքելն ու պահելը ենթադրում են ֆինանսական շատ մեծ ծախսեր, և հետո, շներին փողոցներից կտրուկ հավաքելը կնպաստի կրծողների թվի կտրուկ աճին:

Թեմայի վերաբերյալ, իհարկե, երկար կարելի է խոսել, սակայն արդյունքում մեկ եզրահանգման պետք է գալ, որ թափառող շների հիմնախնդիրների լուծման լավագույն մեթոդը ստերջացումն է՝ ուղեկցվող պատվաստումներով ու վտանգավոր հիվանդությունների կանխարգելումներով, իսկ ամենակարևորն այս ամենն անելն է օրենսդրական բացերը փակելու պայմաններում ու առանց նախապայմանների և վախերի, առանց անառողջ մեկնաբանությունների ու «մասնագիտական» կեղծ կարծիքներին տեղիք տալու:

Խնդիրը լուծելն ուղղակի անհրաժեշտ է ու պետք է ապահովել հասարակության բնականոն կյանքը, պահպանելով կենդանիների բարեկեցության նորմերը:
Անտարբեր մի՛ եղեք անտուն կենդանիների նկատմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր