211652_close_icon
views-count2007 դիտում article-date 13:46 12-01-2022

Բավական է, չի կարելի, ԱԳՆ-ի հայտարարությունը հայելային հետքաշման վերաբերյալ սխալ քաղաքականություն է, ադրբեջանական ԶՈՒ-ն պետք հեռացվի․ Արման Թաթոյան

tert.am-ը գրում է. Ադրբեջանում հայատյացության, թշնամանքի քաղաքականությունը չի վերջանալու, այն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական կյանքի սնուցման աղբյուրն է,  այս ամենի պայմաններում ադրբեջանական կողմից հնչող բոլոր խաղասիրական հայտարարությունները կեղծ են, շղարշ են միջազգային հանրության համար իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Այս մասին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է նայենք իրական կյանքում ի՞նչ է տեղի ունենում, պետք է նայենք գործին։ Տեսեք գրեթե ամեն օր մեր սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, զինծառայողների սպանությունները, սպառնալիքները, գողությունները, նաև մեր գերիների նկատմամբ խոշտանգումները, այդ թվում՝ նոր ձևերը, դրանք բոլորը ապացույցներով գերհիմնված են, այս ամենը ապացուցում են իմ խոսքերը, որ գործ ունենք հայատյացության հետ, որ իրականում պատերազմից հետո մի գրամ անգամ չի նվազել ատելությունը, հայատյացության քաղաքականությունը»,-մանրամասնեց նա։

Արման Թաթոյանն ասաց, որ իր համար որպես ՄԻՊ, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց եթե անվտանգության երաշխիքներ չունենք, ավելի մեծ խնդիրների մեջ կարող ենք հայտնվել։

«Գլխավոր երաշխիքը ադրբեջանական ԶՈւ-ի հեռացումն է, որը պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Ես երեկ տեսա ԱԳՆ կայքում կար հայելային հետ քաշման գաղափարը, դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել և վերաբերվում եմ, բայց ես կարծում եմ սա քաղաքական մոտեցում է սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է։ Որովհետև հարց է առաջանում ՝ մենք ո՞ւր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք։ Շատ տեղերում շփման գիծը անցնում է մեր քաղաքացիների տների միջով, հողերի միջով, ինչի՞ հաշվին հետ պիտի գնանք, երբ դելիմիտացիա, դեմարկացիա ընդհանրապես չի էլ եղել»,-շեշտեց Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանը հիշեցրեց՝ անընդհատ խոսվում է աշխարհագրական քարտեզների մասին, բայց մարդու իրավունքների հայեցակարգով շարժվելու դեպքում ունենք մարդկանց կողմից անտառների օգտագործման հարց, գեոդեզիական քարտեզներ, կադաստրային հարցեր, մարդկանց բնականոն կյանքի ապահովման հարցեր։

«Ի՞նչ է զորքերի հայելային հետ քաշումը մարդկանց բնականոն կյանքն է վերականգնելու, ինչպե՞ս։ Մարդիկ, որ իրենց սեփականության իրավունքով հողերը կորցրել են, կամ  վարաձակալությամբ ձեռքբերված, ինչպես են վերադարձվելու» Հետևաբար խոսքը վերաբերում ադրբեջանական ԶՈՒ-ի հեռանալուն»,-ասաց նա։

Արման Թաթոյանն ասաց, որ անվտանգության չեզոք գոտին անհրաժեշտություն է, որ մարդիկ կարողանան շնչել, ապրել, մնացած հարցերը կորոշվեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, բանակցությոնների ժամանակ, որը կարող տարիներ տվել։ Նա շեշտեց՝  քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

«Բավական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտաnգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից, մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով», -  եզրափակեց ՄԻՊ-ը։ 

Նմանատիպ նյութեր