211652_close_icon
views-count1854 դիտում article-date 10:33 11-01-2022

Պետք չէ Պուտինից ավելի Պուտին լինել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինձ զարմացնում է այն ինքնավստահությունը, որով իմ համաքաղաքացիները մեկնաբանում են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ որտեղի՞ց են Հայաստանում հայտնվել ղազախական խնդիրներն այդքան խորը հասկացող մեծ թվով փորձագետները:

Հարցի վերաբերյալ հայաստանյան երեք հիմնական վարկածները հետեւյալն են.

1/ Անկարգությունները հրահրել են Արեւմուտքը եւ Թուրքիան (կամ՝ միայն Թուրքիան)՝ Ղազախստանը Ռուսաստանից կտրելու եւ «թուրանական մեծ գոտի» ստեղծելու համար: Իհարկե, նման գործոն կարող է գոյություն ունենալ: Բայց նույն հավանականությամբ դա կարող էր լինել Ռուսաստանի բազմաքայլ կոմբինացիա՝ Ղազախստանն իրեն ավելի պինդ կապելու ուղղությամբ:

2/ Դա ղազախական դեմոկրատների պայքարն էր հանուն ժողովրդավարության: Դա էլ բացառված չէ: Իսկ հնարավոր է, որ հիմքում կլանային եւ «դասակարգային» հակասություններն են, քանի որ հայտնի է, որ Ղազախստանն այդ առումով ունի բարդ ու խճճված կառուցվածք: Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ «արաբական գարունը» նույնպես, համենայնդեպս առերեւույթ, սկսվում էր որպես դեմոկրատական շարժում:

3/ Այս ամենը Տոկաեւը կազմակերպել է Նազարբաեւի դեմ՝ միահեծան իշխանություն ստանալու համար: Մենք գիտենք, որ միահեծան իշխանությունը քաղցր բան է, բայց Ղազախստանի նախկին եւ ներկա նախագահների մտքով ի՞նչ է անցել, ես, ի տարբերություն մեր «ղազախագետների», չգիտեմ:

Քիչ թե շատ ավելի պարզ է, թե ինչպիսի կեցվածք այս բոլոր հարցերում պետք է ընդունի Հայաստան պետությունը: Իդեալական տարբերակ կլիներ, կարծում եմ, կատարյալ չեզոքությունը՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ղազախստանի երկարատեւ շահերը, ինչպես նաեւ՝ այդ երկրում հայ համայնքի առկայությունը: Այսինքն՝ լավագույն տարբերակը կլիներ, եթե մենք ընդհանրապես չխառնվեինք ո՛չ «դեմոկրատների», ոչ «կայսրապաշտների», ո՛չ ռուսների, ո՛չ Արեւմուտքի կողմից: Ցավոք սրտի, այդ չեզոքությունը պահպանելը գործնականում հնարավոր չէ. արցախյան պատերազմում Հայաստանի կրած պարտության պատճառով մեր երկիրը կորցրել է իր քաշն աշխարհում եւ, մասնավորապես, ՀԱՊԿ-ում, ոտով-գլխով կախված է Ռուսաստանից եւ չի կարող չշարժվել Պուտինի հրահանգներով: Այնպես որ՝ Փաշինյանը չէր կարող Ղազախստան զորք չուղարկել, չնայած, համաձայն եմ, որ դրա մեջ որոշակի հեգնանք կա. այն մարդը, որն իշխանության էր եկել փողոցային բողոքների միջոցով, այժմ զորք է ուղարկում՝ այդ բողոքները ճնշելու համար:

Ի՞նչը Հայաստանի վարչապետը կարող է չանել: Կարող է չձեւացնել, որ նա համաշխարհային առաջնորդ է եւ կարողացել է վերջապես «աշխատեցնել» ՀԱՊԿ-ի մինչ այդ չաշխատող մեխանիզմները: Հայաստանում մտածող մարդկանց կողմից դա ընկալվում է պարզապես որպես զավեշտ եւ մանկամտություն: Բայց իրական համաշխարհային լիդերների վրա դա կարող է տհաճ տպավորություն թողնել: Վարչապետը կարող է նաեւ զերծ մնալ ղազախական իրադարձությունների որակումներից (օրինակ, «միջազգային ահաբեկչություն»): Պետք չէ Պուտինից ավելի Պուտին լինել՝ դա Հայաստանից, կարծես թե, չի պահանջվում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր