211652_close_icon
views-count84646 դիտում article-date 12:39 04-01-2022

Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա, Կադաստրի կոմիտեի ղեկավարն արհամարհում է դատախազի ու ոստիկանապետի որոշումները

Տևական ժամանակ է՝ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի ստորաբաժանումում անառողջ մթնոլորտ է ստեղծվել։

Մամուլը բազմիցս անդրադարձել էր այս ստորաբաժանման նախորդ պետ Արայիկ Առաքելյանի՝ կրկին պաշտոնի վերադառնալու ցանկությանը, որին, ըստ լավատեղյակ աղբյուրների, լծվել էր նաև ՀՀ Ազգային ժողովի՝ այն ժամանակվա ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Այդ նպատակով սկսվել էին ինտրիգներ հյուսվել Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ժ/պ (հիմնական պաշտոնը՝ արխիվի պետ) Անահիտ Արևշատյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հեռանա ու տեղն ազատվի։

Որպես միջոց՝ օգտագործել էին աշխատակիցներից ոմանց, որոնք կեղծ, զրպարտչական բովանդակությամբ բողոք էին հասցեագրել կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։

Բողոքը օրենքի պահանջով, բայց սպասվածին հակառակ, հայտնվել էր իրավապահ մարմինների ուսումնասիրման տիրույթում։

Իրավապահների տիրույթում հայտնվելը, ամենայն հավանականությամբ,  դուր չէր եկել Սուրեն Թովմասյանին։

Քննչական կոմիտեի քննիչը որոշում էր կայացրել առ այն, որ Անահիտ Արևշատյանը որևէ կեղծիքի, որևէ հանցագործության չի մղել աշխատակիցներին և որ բողոքի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը (մեր ձեռքի տակ առկա է փաստաթուղթը՝ քննիչի որոշումը)։

Այդուհանդերձ, մեզ հասած տեղեկություններով, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անհասկանալի շահագրգռվածությամբ դեռ շարունակում է այդ նույն անձնակազմից ոմանց ծառայեցնել իր նպատակի իրականացման համար ու ազատվել երկար տարիների քաղծառայողից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ,  այս պաշտոնյայի համար կարծես կյանքի ու մահվան հարց է դարձել Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմին նույնաբովանդակ՝ copy-past արած, սակայն փաստերի հակասությամբ բողոքներ սարքել  տալով՝ արխիվի պետի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Արևշատյանից ազատվելը։ 

Մեզ հասած տեղեկություններով, Սուրեն  Թովմասյանը  Շիրակի մարզային ստորաբաժանման նորանշանակ ղեկավար Սերգեյ Սարգսյանի միջոցով  մեկուսացրել է քաղծառայող Անահիտ Արևշատյանին, զրկել  նրան պաշտոնի անձնագրով վերապահված պարտականությունները կատարելուց,  հրահանգել է՝ չթույլատրել  աշխատակիցներին շփվելու արխիվի պետի հետ։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նոր նշանակված պետը հեռախոսով պարբերաբար զեկուցել է հրահանգը  կատարելու ընթացքի մասին։

Նորանշանակ պետ Սերգեյ Սարգսյանը, որի վրա պետությունը ծախսեր է  անում Երևանից գալու ու Գյումրիում աշխատելու համար, ստացվում է՝  գործում է ի վնաս պետական շահերի։ 

Վերջինս, ըստ բնութագրումների, թեև կիրթ, դաստիարակված անձնավորություն է, սակայն  կադաստրային գործից  անտեղյակ է։

Նա ակամա դարձել է հրահանգներ կատարող, որին  ուղղակիորեն չեն թույլատրել  հարթել  լարված մթնոլորտը, նորմալ աշխատանքային հարաբերություններ ստեղծել։

Հետաքրքիրն այն է, որ երբ Անահիտ Արևշատյանը դիմել է քաղծառայության խորհուրդ՝ իր իրավունքները պաշտպանելու համար, Սուրեն Թովմասյանն, օգտագործելով առիթը, նորից սկսել է անձնակազմին լծել  շինծու բովանդակությամբ բացատրություններ գրելուն։

Ի դեպ, կադաստրի կոմիտեի ղեկավարը բացարձակապես արհամարհում է իրավապահ համակարգի կողմից արդեն իսկ առկա որոշումն առ այն, որ  աշխատակիցների բողոքները իրականությանը չեն համապատասխանում, այժմ նույնաբովանդակ բողոքներ է գրել տալիս ու սա օգտագործում քաղծառայողի դեմ։
 
Այս պաշտոնյան արհամարհել  է նաև Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի՝ իրեն հասցեագրված գրությունն առ այն, որ անհապաղ պետք է շտկել մթնոլորտը կադաստրի Շիրակի ստորաբաժանումում։

Երբ Անահիտ Արևշատյանը դիմել է  ՀՀ քաղծառայության խորհրդի ղեկավարի ժ/պ Վաչե Քալաշյանին՝ իր իրավունքները վերականգնելու համար, կասեցված ծառայողական քննությունը վերսկսելու փոխարեն, նոր ծառայողական քննություն են սկսել ու  իրավապահ համակարգի  կողմից արդեն իսկ ստուգված փաստերն ու կայացրած որոշումները հաշվի չառնելով, աշխատակիցներից ոմանց նորից հրահանգավորված, սարքած բացատրություններ են գրել  տվել ու դրանք հիմք ընդունելով՝  նորից վերադարձել քննչական մարմնի կողմից արդեն իսկ քննված հարցերին։

Այժմ էլ  այս քաղծառայողի էթիկայի շուրջ կեղծ հիմքեր ստեղծելով՝  նրան  փորձում են  ազատել աշխատանքից։ 

Փաստորեն  այս կառույցում առկա փաստաթղթերը ստորադասել են բամբասանքախառն զրպարտություններին։

Որպես օրինակ՝ մեջբերենք մի փաստ․ Մուշի ոստիկանապետ Արթուր Հակոբյանի կողմից կա  տրամադրված փաստաթուղթ, որն ապացույցն է  այն բանի, որ   կադաստրի տարեց աշխատակցուհի Սուսաննա Սարգսյանին ոստիկանությունը  պահվածքի հետ կապված նախազգուշացում է  տվել (մեր ձեռքի տակ է ոստիկանության փաստաթուղթը)։

Վերջինս պարտավորագիր է ստորագրել ոստիկանությունում, սակայն  պահվածքի համար ոստիկանություն հրավիրված կինը  դիցուք՝ իրեն թույլ  է տվել  խոսել  Անահիտ Արևշատյանի էթիկայից, իսկ նրա բողոքը  ծառայողական քննությունն իրականցնողնի կողմից ընդունվել է  ի գիտություն ու անվիճելի ապացույց։

Ստացվում է, որ կադաստրի կոմիտեում ոչ միայն դատախազի գրությունն են արհամարհում, այլ նաև ոստիկանապետի։

Ծառայողական քննության շուրջ գրված բողոքների շինծու լինելու մասին վկայում է նաև մի ցցուն փաստ․ հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետային աշխատանքի ընդունված  Անի Սահակյանին  կադաստրի Շիրակի ստորաբաժանման պետ Սերգեյ Սարգսյանը ընդհանրապես չի թույլատրել  շփվել  Անահիտ Արևշատյանի հետ, սակայն շփում չունեցող, գրեթե նրան չճանաչող անձը բացատրություն-բողոք է ներկայացրել նրա դեմ։

Մեր տեղեկություններով,  բողոքավորների  ցանկում կան անձինք, որոնց պայմանագրի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 31-ին, այսինքն՝ նրանք դեռ չգիտեին՝ պիտի շարունակե՞ն աշխատել այդ համակարգում, թե՞ ոչ, սակայն քաղծառայողի դեմ բողոք են ներկայացնում, որ այլևս չեն ցանկանում աշխատել նրա հետ։ 

Ենթադրելի է, որ օգտագործվել է հետևյալը նախապայմանը՝ ուզո՞ւմ ես շարունակել աշխատանքդ, պայմանագրիդ ժամկետը կերկարացնենք, եթե բողոք գրես Անահիտ Արևշատյանի դեմ։
Ի դեպ, այդ նույն կադաստրի աշխատակիցները  մի շարք ապօրինություններ ու կեղծիքներ թույլ տալու համար անցնում են քրեական գործով, որը դասվում է պետության դեմ ուղղված հանցանքների շարքում։ 

Այս պահին այդ գործը քննվում է ու ինչպես երևում է,  Սուրեն Թովմասյանին այս փաստը ևս բնավ չի հետաքրքրում, որևէ աշխատանք չի տարվում այս աշխատակիցներին զսպելու, հակառակը խրախուսվում են  պետական պարգևներով, քանի որ ցանկացած պահի նրանք թելադրանքով  բողոքական են դառնում։ 

Հետաքրքիր է՝ պետական համակարգում  նման ինտրիգներ հրահրող բարձրաստիճան պետական պաշտոնյայի այս գործելակերպը Նիկոլ Փաշինյանին պատիվ է բերո՞ւմ ու նաև անչափ մտահոգիչ է  նորօրյա Հայաստանում ստալինյան մեթոդներով գործ սարքելու  պրակտիկան։

Մենք կապ հաստատեցինք  Անահիտ Արևշատյանի հետ, որը մեզ փոխանցեց՝ իր շահերը պաշտպանելու համար խմբակային ինքնիրավչության հիմքով  ստիպված դիմել է իրավապահներին, հարկ եղած դեպքում կդիմի նաև դատարան։
 
Ի դեպ,  իրավապահ համակարգի որոշումներն արհամարհրող այս կառույցում հեգնում են՝ ում ուզում ես դիմի, եթե դա քեզ կօգնի։

Անահիտ Արևշատյանը մեզ հետ զրույցում ասաց՝ իրեն շատ հետաքրքիր է այս թեմայի շուրջ Սուրեն Թովմասյանի մեկնաբանությունը,  ինչո՞ւ է վերջինս ապրիլ ամսից սկսած՝ արշավ սկսել  իր դեմ և  ի՞նչ շահագրգռվածություն ունի նորաթուխ աշխատակցին անգամ  բողոքական դարձնելու, ավելին՝ իր հետ նորմալ հարաբերություններ ունեցած անձանց ևս իր դեմ հրահրելու։ 

Ըստ նրա, զավեշտն այն է, որ ստորաբաժանման նորաթուխ ղեկավար Սերգեյ Սարգսյանը չի թույլատրել  աշխատակիցներին իր հետ շփվելու, հեռու է պահել նրանց, սակայն չշփվելով, բացարձակ կապ չունենալով,  այդ  նույն աշխատակիցները թույլ են տվել ծառայողական քննության շրջանակում  խոսել արխիվի պետի էթիկայից։

Ուշագրավ է նաև այն, որ քաղծառայողը դիմել է քաղծառայության խորհուրդ՝ իր իրավունքները պաշտպանելու համար, առիթը բաց չեն թողել այն ի վնաս նրա ավարտելու ու իրենց վաղեմի երազանքը իրականացնելու։ 

Մեր տեղեկություններով, ծառայողական ք ննությունը վարող Արման Թևանյան անուն-ազգանունով անձը բացարձակապես մի կողմ է շպրտել ծառայողական նյութերին կցված փաստաթղթային փաթեթները ու ի գիտություն է ընդունել կենցաղային խոսակցությունների մակարդակի  շինծու բացատրությունները՝ եզրակացություն գրելով, որ դրանք նույնաբովանդակ են, հետևաբար և ճիշտ են, քանի որ Անահիտ Արևշատյանի կողմից  հակառակն ապացուցված չէ։ Այսինքն՝ իրավապահների որոշումները, ըստ նրա, ապացույց չեն։  Հետաքրքիր է՝ այդ ո՞ր օրվանից է ՀՀ-ում փաստաթուղթ հասկացությունը որպես աղբ ընդունվում։ 
Վերոհիշյալ  անձին չի մտահոգել նաև աշխատակիցների բացատրությունների նույնաբովանդակ լինելը, որն ակնհայտ  վկայությունն  է ինչ-որ մեկի կողմից թելադրված ու ուղղորդված լինելու։

Զավեշտն այն է, որ այս կառույցում  նույնիսկ ժամկետային հիմունքներով աշխատանքի ընդունված հավաքարարն է քաղծառողի ճակատագիրը որոշում,  իսկ  Անահիտ Արևշատյանը, որը երկար տարիներ աշխատել է որպես արխիվի պետ, այդ տարիներին  գեթ մեկ անգամ էթիկայի հարցեր առաջ չեն եկել, դրանք հանկարծ  ծագել են նախորդ պետ Արայիկ Առաքելյանի՝ իր պաշտոնում վերականգվելու  անհաջող փորձերից հետո։

Անահիտ Արևշատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ներելու իրեն վարկաբեկելու փորձերը, որի մեջ խմբակային գործելաոճ է ընտրված, և  ոմանց պաշտոնական դիրքի չարաշահման փաստով ստիպված դիմելու է  ՀՀ գլխավոր դատախազին, հակակոռուպցիոն կառույցի ղեկավարին  ու նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։

Ի դեպ, մեր խմբագրության ձեռքի տակ են իրավապահ մարմինների կողմից տրված բոլոր փաստաթղթերը՝ որոշումները, քրեական գործի նյութերը, Շիրակի  դատախազի գրությունն առ այն, որ նման մթնոլորտն անհապաղ պիտի հարթել, ծառայողական քննության շրջանակում աշխատակիցների տված բացատրություններն ու , իհարկե, Արման Թևանյանի եզրակացությունը՝ ուղղված գլխավոր քարտուղարին ։ 

Մենք առաջիկայում կհրապարկենք փաստաթղթերը՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը և կհետևենք՝ քաղծառայության  խորհրդի դիրքորոշմանը, կտեսնենք՝ որքանո՞վ են պաշտպանված քաղծառայողները մեր երկրում։
 

Նմանատիպ նյութեր