211652_close_icon
views-count922 դիտում article-date 17:40 05-10-2026

Կառավարության կողմից Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական 12 կմ՝ 30 տարուց ավելի մարդաբոյ փոսերով հայտնի ճանապարհի նորոգումն ավարտվում է. ՀԷՑ-ին պիտակավորելուց առաջ բարեհաճեք և տեսեք՝ քանի հազարից ավելի էլեկտրասյուն է փոխարինվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել Կոտայքի մարզի Եղվարդ - Զորավան - Արայի գյուղ - Բուժական մոտ 12 կիլոմետր անբարեկարգ, փոսերով հարուստ, այդ թվում՝ «մարդաբոյ», վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի մասին, որով հազարավոր վարորդների ու նշված բնակավայրերի բնակիչների խնդրանքն էինք փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, որպեսզի իրենց անմիջական միջամտության արդյունքում 30 տարուց ավելի  չհիմնանորոգված այդ ճանապարհին գոնե իրականացվի ասֆալտապատում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արդեն կարելի է ասել աշխատանքների 80 տոկոսը մոտենում է ավարտին, որովհետև ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, որի կողմից ներդրվել է խոշոր չափի գումար, ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանի անմիջական հսկողությամբ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ու «Լիլիթ 87» ՍՊԸ-ն ոչ թե ասֆալտապատում, այլ հիմնանորոգում, կարելի է ասել՝ զրոյից են կառուցում ճանապարհը։ Ու մինչ ճանապարհը խճաքարերով պատելն ու ասֆալտապատումը, փոխել են նաև ջրախողովակները, Արայի գյուղում էլ, որ նույնիսկ սովետական տարիներին չեն եղել ջրահեռացման խողովակները, ամբողջությամբ կառուցել ու տեղադրել են նոր ջրահեռացման խողովակներ։ Այդ լավ ու բարի գործից անմասն չեն մնացել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհին դեռ սովետական տարիներից եղած, սակայն արդեն ոչ պիտանի, մեծ մասը փտած, ամեն պահի տապալման վտանգի տակ գտնվող 2000-ից ավելի էլեկտրասյուները փոխարինվել են նոր բետոնե սյուներով, ինչպես նաև փոխվել են կիսաքայքայված, կցոններով հարուստ մի քանի կիլոմետր էլեկտրալարերը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«30 տարուց ավելի ում ասես դիմել ենք, էնքան նամակներ ունենք ՀԷՑ-ին դիմած, որ էդ նամակները տանենք, հանձնենք մակուլատուրա, երևի մի «Գազ 2410»-ի գին տան։ 30 տարի ամեն օրը ահը սրտներիս ենք լուսացրել։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ էլեկտրասյուները տապալվել են ու 2-3 օրով հոսանք չենք ունեցել։ Էլ չենք ասում, որ քամու ժամանակ լարերը որ կպնում էին իրար, հրդեհի բռնկման դեպքեր էլ ենք ունեցել։

Ճանապարհների մասին էլ էս 20 տարի է՝ մեռանք ամեն օր ահազանգելով, որ փոսերի պատճառով վթարներ են տեղի ունենում, շտապօգնություն էինք զանգում, մինչև գալիս էին, կես մարդ էինք լինում։ Հիմա մեր աչքի առաջ տեսնում ենք, ինչ ընտիր աշխատանք է կատարվել ՀԷՑ-ի կողմից, ինչ ընտիր ճանապարհ են սարքել ճանապարհաշինարարները ու կարելի է ասել ոչ թե սարքել են, այլ զրոյից մի քանի գյուղեր կապող ճանապարհը կառուցել են։ Հիմա ոնց չասես՝ հալալ է էդ մարդկանց։ Իզուր տեղը թող չփորձեն պիտակավորել էդ մարդկանց, պիտակավորեկուց առաջ էլ թող բարեհաճեն ժամանել էստեղ ու տեսնեն, մենք իրենց նույնիսկ ցույց կտանք 20 տարուց ավելի ինչ ճանապարհներ ենք ունեցել, 30 տարուց ավելի ինչ էլեկտրասյուներով ու լարերեով ենք հոսանք ստացել, ու հիմա ինչպես է փոխվել, ոնց ասում են՝ կհամոզվեք ինչից ինչի է դարձել այս գյուղերը կապող ճանապարհը։ 

Արայի գյուղում էլ, որ ջրահեռացման համակարգերը երբեք չեն եղել, ինչ պատճառով անձրևաջրերը, իսկ ձմռանն ու գարնանն էլ ձնհալը լցվում էր ամբողջ ճանապարհով մեկ ու դառնում վթարների պատճառ, այդ խնդրից էլ կազատվենք այլևս։ Եվ հիմա կառավարության ֆինանսավորմամբ ու օժանդակությամբ աշխատանքները մեր բոլորիս սրտով են։ Ու որ ամենակարևորն է, նախարար Դավիթ Խուդաթյանը մի քանի անգամ թաքուն եկել ու հետևել է ճանապարհաշինարարների աշխատանքներին, ինչի համար նորից մեր երախտագիտությունն ենք հայտնում այս լավ գործը ավարտին հասցնողներին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին հանրապետությունում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել մարզերում ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման, անգամ նորերի կառուցման ուղղությամբ։

 SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ ու տեսանյութեր էր հրապարակել, որով կառավարությանը փոխանցել էր հազարավոր քաղաքացիների ու վարորդների խնդրանքը, որպեսզի Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող ճանապարհը, որը վերջին անգամ ասֆալտապատվել էր, այն էլ՝ փոսալցման եղանակով, 20 տարի առաջ, հիմնանորոգվեր։

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել էր Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական բնակավայրեր, ինչից հետո կառավարությանը ներկայացրել էր ծրագիր, որը հավանության էր արժանացել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը գործի էր անցել, քանի որ կառավարությունն արդեն խոշոր չափի գումար էր ներդրել այդ ճանապարհը հիմնանորոգելու համար։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհի մոտ 13 կիլոմետր հատվածից հեռացվել էր հողային շերտը, քանի որ ամեն անգամ ասֆալտապատում, փոսալցում կատարելուց հետո շաբաթներ անց այդ մի քանի կիլոմետրանոց հատվածում նորից առաջացել էին նստվածքներ ու փոսեր։

Ամբողջ տարածքից հեռացվել էր հողը և խճապատվել ճանապարհը։ Ի դեպ, ճանապարհը լայնացվել էր, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ արդեն 100-ից ավելի նոր, ավելի որակյալ ու ապահով բետոնե էլեկտրասյուներ էին տեղադրվել, ինչը ավելի ապահով էր դարձրել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան։ Իսկ նախկինում եղել էին դեպքեր, երբ քամու հետևանքով էլեկտրասյուները տապալվել էին։

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարում էր «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, որը Հայաստանում հայտնի է ճանապարհաշինարարության ոլորտում որպես բարեխիղճ ընկերություն։

Աշխատանքները մեծ թափով առաջ էին ընթանում, և, ըստ ճանապարհաշինարարների, անակնկալ աշխատանքների ստուգման նպատակով ժամանել էր ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր