211652_close_icon
views-count1794 դիտում article-date 21:36 28-12-2021

Արման Թաթոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ է հանդիպել․ քննարկվել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունից։

«Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:

Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել նաև ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- նշված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր