211652_close_icon
views-count1388 դիտում article-date 14:33 08-10-2021

Արման Թաթոյանը Իտալիայում միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապություն ու ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու իր առաջարկը

Երեկ Հռոմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ՝ ապացույցներով, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։ 
Հատուկ անդրադարձել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգին։ Նշել է, որ ԵԽԽՎ-ում բանաձևում ևս ներառվել է մեր առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորել ենք դրա անհրաժեշտությունը։ 

Պաշտպանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

Մանրամասն ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով:

Բացատրել է, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:
Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները: 
Հայաստանի Օմբուդսմանը հատուկ նշել է, որ ադրբեջանական խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։ 

Փոխանցել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել համագործակցել հետագայում: 

Հանդիպման կազմակերպման հարցում հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին և դեսպանության աշխատակիցներին։

Նմանատիպ նյութեր