211652_close_icon
views-count1822 դիտում article-date 18:18 07-02-2022

Արման Թաթոյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ․ քննարկվել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը բոլոր 6 տարիների ընթացքում:

Պաշտպանն ընդծել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքը: Մասնավորապես համատեղ աշխատանքի շնորհիվ արձանագրվել են դրական արդյունքներ՝ չնայած կիրառված սահմանափակումներին: Օրինակ՝ մի դեպքում երեխաները տեղափոխվել են Երևան ծնողների մոտ, մեկ այլ դեպքում ծնողներն են տեղափոխվել երեխաների մոտ ՌԴ և այլն:

Պաշտպանը կարևորել է նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների, ինչպես նաև ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությամբ առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության են եկել ՌԴ-ում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են ՌԴ-ում, բայց ունեն իրավունքների հարցում խնդիրներ: Օրինակ՝ մի դեպքում խնդիրներ են ունեցել աշխատանքային իրավունքների, մեկ այլ դեպքում՝ ՌԴ մուտքի արգելքի հարցում և այլն: Եղել են նաև դեպքեր, երբ խոսքը վերաբերել է քրեական հետապնդմանն ու ազատությունից զրկման վայրում քաղաքացիների իրավունքներին: Եղել են նաև համալսարաններում ուսման և կենսաթոշակի հետ կապված հարցեր:

ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների հաստատություններում ընդունելությունը հիմնված է ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրված դիմումների և բողոքների վրա: Նախորդ 6 տարիների ընթացքում երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով նշանակված են եղել հատուկ ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը: Դաշինքի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ: Այն դարձել է կարևոր հարթակ, որտեղ քննարկվում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության հարցեր՝ կապված մարդու իրավունքների հետ: Դա նաև կարևոր է Դաշինքի անդամ երկրներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ավելին, Արման Թաթոյանի և Տատյանա Մոսկալկովայի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Մասնավորապես, այս հանդիպումները կարևոր հարթակ են եղել, որպեսզի ՀՀ ու ՌԴ մարդու իրավունքների հաստատությունների ղեկավարները բարձրացնեն քաղաքացիների բողոքներում ու դիմումներում նշված հարցերը: Օրինակ՝ Արման Թաթոյանը բարձրացրել է հայ վարորդների վարորդական վկայականների հարցերը և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել ՌԴ նախագահի խորհրդական, ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովայի (ներկայում՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր) հետ:

Մասնավորապես, Աննա Կուզնեցովայի հետ տեղի են ունեցել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ քննարկումներ, թե՛ պատերազմի, թե՛ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում և այլ հարցերով: Ապահովվել է տեղեկությունների արագ փոխանակում:

Արման Թաթոյանը ընդգծել է, որ արդյունավետ է եղել նաև համագործակցությունը ՌԴ ռեգիոններում Մարդու իրավունքների հանձնակատարների հետ:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հետ:

Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:

Նմանատիպ նյութեր