211652_close_icon
views-count1502 դիտում article-date 18:33 25-12-2021

Նվիրենք երեխաներին տոն. Սամվել Թոփալյանն ու Հրանտ Թոխատյանը հեքիաթներ կարդացին փոքրիկների համար

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու նպատակով դեկտեմբերի 25-ին «Զանգակ» գրատանը ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու դերասան Սամվել Թոփալյանը մասնակցեցին «Սիթի օֆ Սմայլ» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի և «Զանգակ» գրատան ամանորյա «Նվիրենք երեխաներին տոն. հեքիաթի ժամ» նախաձեռնությանը:

Արտիստները հեքիաթներ ընթերցեցին փոքրիկների համար, իսկ երեխաների ծնողները փոքրիկների համար ձեռք բերեցին հեքիաթների գրքերը, որոնց վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է հիմնադրամին:

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի նվիրատուների ու ֆոնդհայթայթման մասնագետ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ «Զանգակ» գրատունը հիմնադրամի լավագույն գործընկերներից է, որի հետ տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպում են  նման միջոցառումներ:

«Այսօրինակ նախաձեռնությունները, բացի բարեգործությունից, նաև իրազեկման նպատակ են հետապնդում, քանի որ շատ հաճախ քաղցկեղն ընկալվում է, որպես սարսափելի, անդեմ հիվանդություն: Հիմնականում հարցնում են, թե քանի երեխա է հիվանդանում, քանիսն են բուժվում, ու թվերի տեսքով է պատկերն արտացոլվում, այնինչ յուրաքանչյուր թվի, վիճակագրության տակ մարդիկ են, անուններ, զգացմունքներ, պայքար հուսահատության դեմ,  հաղթանակի պատմություններ, և շատ կարևոր է, որ հասարակությունն իմանա այդ երեխաների մասին»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ այս միջոցառմամբ կփորձեն ամանորյա տոն պարգևել թե՛ հեքիաթներն ունկնդրող երեխաներին, թե՛ բուժվող փոքրիկներին:

«Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանն էլ ընդգծեց, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հետ երրորդ նախաձեռնությունն են կյանքի կոչում:

«Առաջինը կրում էր «Գնի՛ր գրքեր, նվիրի՛ր կյանքեր» խորագիրը, որի շրջանակում վաճառված գրքերի հասույթի մեծ մասը փոխանցվել է հիմնադրամին, հետո երեխաների հետ նկարել էինք փոստային բացիկներ, որոնք մինչ օրս վաճառվում են. վաճառքի գումարը ևս փոխանցում ենք հիմնադրամին: Բացիկների վաճառքը ոչ միայն նպատակ ուներ խթանելու, որ գումար հավաքվի և փոխանցվի, որովհետև հասկանալի է, որ այդ գումարը մեծ լինել չէր կարող, այլև քաղաքացիներին իրազեկի, որ կա նման հիմնադրամ, ու երեխաներն օգնության կարիք ունեն:  Իսկ այսօրվա միջոցառումը մի կողմից կնպաստի ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, մյուս կողմից՝ վաճառված գրքերի հասույթը կտրամադրվի երեխաների բուժմանը»,-եզրափակեց Օհանյանը:

Սամվել Թոփալյանը, որը երեխաների համար ընթերցեց Դեյվիդ Լիչֆիլդի «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» գիրքը շատ գեղեցիկ, լուսավոր ու կարևոր երևույթ է համարում այս նախաձեռնությունը:

«Երեխաների հետ մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև նրանք շատ փխրուն են և նրանց պետք է ճիշտ ուղղորդել, ճիշտ դաստիարակել: Շատ հաճախ բախվում ենք վատ երևույթների և հասկանում, որ այդ ամենը երբեմն մանկությունից է գալիս»,-ասաց նա:

Դերասանի խոսքով՝ ժամանակակից երեխաները շատ են տարված համակարգչային խաղերով, հեռախոսներով, ինչը բնական է, սակայն նրանց պետք է ոգևորել, անել այնպես, որ երեխաները սիրեն գիտելիքը, որովհետև շատ կարևոր է ոչ թե ստիպելով սովորեցնել, այլ փորձել արթնացնել այդ սերը, հետաքրքրությունը:

«Պետք Է այնպես անել, որ երեխաները ցանկանան իմանալ, թե աշխարհում ինչեր կան, ինչ պատմություններ, լեգենդներ: Անհրաժեշտ է զարգացնել երեխաների երևակայությունը, որովհետև հիմա ամեն ինչ նրանց պատրաստի է տրվում, և երևակայությունը քնում է: Այն պետք է   զարգացնել՝ պատմություններ, խաղեր հորինելով»,-հավաստիացրեց Սամվել Թոփալյանը:

«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Հիմնադրամի առաքելությունն է՝ լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Այդ առաքելությունը կատարելու ճանապարհին հիմնադրամը ձգտում է անել ամեն ինչ՝ Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացնելու համար։  

Նրա նպատակն է աջակցել նաև բժիշկներին և բուժհաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և արդյունավետ բուժում իրենց բուժառուների համար։

Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից, որը բաղկացած է մի խումբ նվիրյալներից, որոնք հավատում են, որ, միավորելով ուժերը՝ մենք կարող ենք շատ բան փոխել։

Նմանատիպ նյութեր