211652_close_icon
views-count4030 դիտում article-date 10:18 07-02-2025

Երևանում «BMW»-ն «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. 3 վիրավորներին, մինչ բժիշկների ժամանումը, օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ»-ի անվտանգության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հարվածել ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, կրկին դուրս եկել երթևեկելի գոտի, բախվել բաժանարար հատվածում տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, «Դեֆանս հաուզինգ»-ի աշխատակիցները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա շտապօգնության բժիշկները վիրավորներից մեկին տեղափոխել են «Աստղիկ», երկուսին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարո Դավթյանն ու Հայկ Հովսեփյանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Վթարի մասին ՊԾ երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և ավագ քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 
  
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներ և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր