211652_close_icon
views-count1678 դիտում article-date 18:18 06-02-2025

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Երասխում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. կա 3 վիրավոր. ժամանել է մարզի քրեական ոստիկանության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Երասխ բնակավայր, որտեղ Գործարանային փողոցի թիվ 3-րդ տանը տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով կան տուծաներ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, 3 վիրավորներին, որոնցից երկուսը տղամարդ է, մեկը՝ աղջիկ, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քաղաքացիները և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանցից երկուսին քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին հանդիպած շտապօգնության բժիշկները վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենաները և տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն: 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հարկանի շենքի առաջին հարկում գազաբալոնի պայթյունի հետևանքով փլուզում է առաջացել: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Մանուկյանն ու Գեղամ Բաբաջանյանը:
 
Դեպքի մասին ոստիկանության Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Սերոբ Եղիազարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն-փլուզումը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր