211652_close_icon
views-count3362 դիտում article-date 14:42 23-12-2021

Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Tert.am-ը գրում է. 
14:20
Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողություն, ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը և թույլ չի տալիս  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարան։ Գրիգորյանի կողմնակիցները հավաքվել են համայնքապետարանի բակում, որտեղ ամբիոն են տեղադրել և կազմակերպել Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

Փարաքարում էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանե Թանդիլյանը: Վերջինս ելույթ ունեցավ, և դիմելով ոստիկաններին, ասաց. «Այս պահից սկսած ունեք 10 րոպե ժամանակ դադարեցնելու  համայնքապետարանի շենքի ապօրինի շրջափակումը և տալու հնարավորություն ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք, իրականացնել իրենց լիազորությունները և պարտականությունները։ Եթե 10 րոպե հետո չդադարեցրեցիք համայնքապետարանի շենքի շրջափակումը, կհանդիպենք այլ վայրում»։

Թանդիլյանը նշեց, որ ոստիկանների կողմից շենքի շրջափակումը ապօրինի է: Ըստ նրա՝ սա ընդամենը իշխանության զավթում է։

Ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանեց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը համայնքապետարանի շենք, իսկ պատճառներն իմանալու համար խնդրեց գրավոր դիմել ոստիկանություն։

13:50

Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանին կանչեք այստեղ, նա է ստիպում, որ համայնքապետ ընտրվի Դավիթ Մինասյանը, նրանք ընկերներ են։ Լրագրողների հետ զրույցում ասացին Փարաքար համայնքի`բողոքի ակցիա իրականացնող բնակիչները, ովքեր հավաքվել են համայնքապետարանի դիմաց` պահանջելով թույլատրել իրականացնել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

«Ստիպելով չէ, մեր ձայները թող չգողանան, մենք ՔՊ-ի հետ խնդիր չունենք, այստեղ հավաքված 8 համայնքների ներկայացուցիչները եկել են իրենց ձայների համար, հաղթել է Վոլոդյա Գրիգորյանը։

Փաշինյանը այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ, բոլորին պահանջում ենք գան այստեղ`Սուրեն Պապիկյանին, Նարեկ Մկրտչյանին, Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկաններին ինչու են բերել մեր դեմ, օրենքի ո՞ր կետով են մեզ ոստիկաններն արգելում մտնել համայնքապետարան և կազմակերպել երդմնակալության արարողությունը»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է։ Այս համայնքում միանգամից 2 անձ իրեն համարում է ընտրված համայնքապետ: Նրանք են «Ապրելու երկիր կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Դեկտեմբերի 5-իմ անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել է 10 ձայնով: Ինչից  հետո եկել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

Այս պահին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել են Փարաքարի մշակույթի տան բակում և պնդում են, որ ժամը 12-ին պետք է տեղի ունենա իրենց թեկնածուի երդմնակալությունը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր