211652_close_icon
views-count1810 դիտում article-date 22:37 14-12-2021

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ԿԳՄՍՈՆ-ից հայտնում են, որ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվող «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է 2023 թվականին նախանշված ցուցադրության կազմակերպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի և Հայաստանի թանգարանների միջև համագործակցությունը՝ ի նպաստ մշակութային երկխոսության զարգացման:

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են նախատեսվող ցուցադրության ծրագիրը` նշելով, որ այն ծրագրում են 2023 թվականին իրականացնել ԱՄՆ-ում` համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի  հետ:

«Մեր նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությանը ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը` քրիստոնեության և աստվածաշնչյան արժեքներին հավատարմության համատեքստում»,- նշել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանը: Ամերիկացի հյուրերը նշել են, որ «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսը կպատմի Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկրի, հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` Նոյան տապանից սկսած մինչև քրիստոնեության ընդունում, տառերի գյուտ և Աստվածաշնչի թարգմանություն, եկեղեցական արարողակարգեր, Հայոց ցեղասպանություն և արցախյան պատերազմներ` այդ ամբողջ ուղեծրում ընդգծելով Աստվածաշնչի և քրիստոնեության արժեքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առաջարկել է ցուցադրությանը զուգահեռ կազմակերպել նաև գիտաժողով, որի շրջանակում կներկայացվի  հայկական մշակութային ժառանգության աստվածաշնչյան շերտը: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, կարևոր է նաև հայկական միջնադարյան մանրանկարչության ներկայացումը, որտեղ աստվածաշնչյան թեմատիկան ներկայացված է լայնորեն:

Ամփոփելով հանդիպումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է մեր երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացնել առաջադեմ աշխարհին` նշելով, որ առաջարկվող ցուցադրությունն այդ առումով արդյունավետ միջոց է:

Հյուրերը փաստել են, որ տպավորված են հայկական պատմամշակութային ժառանգությամբ և Հայաստանում գտնվելու առիթը կօգտագործեն ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին: 

Նմանատիպ նյութեր