ՀՀ-ում չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառայողներին որևէ արտոնությամբ, իրավունքով օժտելը․ այսօր, երբ նույնսիկ կահավորված առաջնագիծ չունենք, նրանք անմարդկային պայմաններում ծառայում են․ Թովմասյան
tert.am-ը գրում է. Ես կարծում եմ՝ ՀՀ-ում չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառայողներին որևէ արտոնությամբ կամ իրավունքով օժտելը։ Այսօրվա պայմաններում, երբ նույնսիկ կահավորված առաջնագիծ չունենք, զինծառայողներն անմարդկային պայմաններում իրենց պարտքն են իրականացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հանձնաժողովում զինծառայողների իրավունքների հարցերով կայացած քննարկմանը։
«Կան զինծառայողներ, որոնք ապրում են վարձով, սակայն վարձակալը չի հանաձայնում պայմանագիր կնքել, և իրենք ստիպված են լինում այլ մարդու հետ պայմանագիր կնքել, այն ներկայացնել ՊՆ և դրա հիման վրա ստանալ փոխհատուցում։ Այսինքն՝ զինծառայողը փաստացի բնակվում է վարձով, բայց ոչ այն հասցեում, որի վերաբերյալ ներկայացրել է փաստաթուղթ, բայց նրան այսօր դատում են, 81 զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում միայն այն բանի համար, ար ապրում են վարձով»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի օրենսդրական նախաձեռնություն, և ԱԺ-ն որոշում կկայացնի։
«Հուսամ՝ ԱԺ-ում չի լինի մեկը, որը կասի՝ այս խնդիրը որ լուծում ենք, առաջանում է երկրորդ խնդիր»,-հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է նիստը փակ անցկացնելու մերժմանը, Թովմասյանը նշեց, թե իրենք որևէ պետական գաղտնիքի չեն բախվել, ընդամենը քննարկել են զինծառայողների իրավունքների իրացման խոչընդոտները։
Անդրադառնալով Սոչիում կայացած ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպմանն ու դիտարկմանը, թե չի բացառվում, որ մինչև տարեվերջ կստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներով, և հարցին՝ առկա իրավիճակում այդ մոտեցումն արդարացվա՞ծ էր ու ՀՀ-ի շահերի՞ց էր բխում, Թովմասյանն ասաց, թե եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում չի տեսնում ՀՀ շահին համադրվող որևէ կետ։
«Դրանում հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որում էլ պարզ գրված էր գերիների վերադարձի մասին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, բայց դա չի իրականացվում արդեն մեկ տարի, հետևաբար` չիրականացված փաստաթղթի չիրականացված կետին հղում կատարելն աբսուրդ է։
Ինչ վերաբերում է սահմանազատմանը, այն կարող է սկսվել, բայց ՀՀ-ին դա ամենևին ձեռնտու չէ, որովհետև մենք այդ ճանապարհով Արցախի վրա փակում ենք վերջին դուռը, և այն մնում է Ադրբեջանի կազմում` անկլավի կարգավիճակով։ Մենք դա չենք կարող թույլ տալ, քանի դեռ վերջնականապես չի հստակեցվել Արցախի կարգավիճակի հարցը»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։