211652_close_icon
views-count1890 դիտում article-date 13:21 01-12-2021

ԽՍՀՄ սահմանների մասին խոսելիս, հիշեք ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂԻՄ խորհրդի 1989թ դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«32 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂԻՄ խորհրդի համատեղ նիստում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում կայացվեց: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս եկավ Խորհրդային Ադրբեջանի կազմից և մտավ Խորհրդային Հայաստանի կազմ: 

Այնուհետև, 1990թ մայիսի 20-ին, խորհրդային ընտրական օրենսգրքով, ՀԽՍՀ-ում Գերագույն Խորհրդի պատգամավորներ ընտրվեցին: Ընդ որում, 260 ընտրատարածքից 12-ը Լեռնային Ղարաբաղում էին, որը 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով ընգրկված էր ՀԽՍՀ կազմում: Լեռնային Ղարաբաղից ընտրված թվով 11 պատգամավոր (Շուշիից ընտրատարածքն ազատ էր) լիարժեք իրավունքով մասնակցում էին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի աշխատանքներին: Բացի դրանից՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշում կայացրեց, ըստ որի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ իրավական ակտերի հակասության դեպքում, գործելու են Խորհրդային Հայաստանում (ներառյալ Լեռնային Ղարաբաղ) կայացված իրավական ակտերը:

1989թ դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը և դրա հիմքով կայացված որևէ իրավական ակտ չի վերացվել: Մասնավորապես՝ 1990-95թթ ՀԽՍՀ, այնուհետև ՀՀ ԳԽ-ի աշխատանքներին լիարժեք իրավունքով մասնակցում էին Լեռնային Ղարաբաղից ընտրված թվով 11 պատգամավոր, որոնք կողմ, դեմ կամ ձեռնպահ էին քվեարկում օրենքներին և այլ իրավական ակտերին: Դա նշանակում է, որ, եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ չէր, ապա 1990-95թթ ՀԽՍՀ, այնուհետև ՀՀ ԳԽ-ի կայացված, առանց բացառության, բոլոր օրենքներն ապօրինի են: Դրանց արդյունքում կայացված որոշումներն ու ենթաօրենսդրական ակտերը նույնպես ապօրինի են: Օրինակ՝ եթե Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի մաս չէր, ապա ԳԽ, այնուհետև ՀՀ Նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյան Լևոնի ընտրվելն ապօրինի էր: Ապօրինի էր նաև ՀԽՍՀ, այնուհետև ՀՀ ԳԽ պատգամավորի կարգավիճակում Խաչատրյան Վիգենի, Աղազարյան Հովիկի և մնացածի գործունեությունը: Եվ ընդհանրապես, 1989թ դեկտեմբերի 1-ի որոշման չեղարկման բացակայության պայմաններում իրավաչափ չէ Հայաստանի գոյությունը: 

Այժմ նորաձև են ՀԽՍՀ սահմանների վերաբերյալ դատողությունները: Գրածս այդօրինակ մտքեր արտահայտողներին է վերաբերում:
Պարոնայք և տիկնայք, ԽՍՀՄ սահմանների մասին խոսելիս, հիշեք դե յուրե գործող ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂԻՄ խորհրդի 1989թ դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը: Իսկ եթե չգիտեք դրա մասին, ապա հարցրեք: Ամոթ չէ: Չնայած ում և ինչ եմ ասում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր