211652_close_icon
views-count1574 դիտում article-date 18:27 27-11-2021

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

Միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն ներկա տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը և միաձայն ընտրվեց: Հարություն խաչատրյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ շատ դժվար չորս տարիներ են անցկացրել: « Մենք եկել էինք, որպեսզի զբաղվեինք կինոյով, արվեստով, վերականգնելով ու վերակառուցելով, բայց բավականին դժվար տարիներ անցկացրեցինք. պատճառը և համավարակն էր, և պատերազմն էր, և հազարավոր դժվարություններն էին, որ մենք ունեցանք: Կարծում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք նորից վերականգնվելու, հասկանալու համար, որ Կինեմատոգրաֆիան և կինոն մեզ համար շատ կարևոր է: Հասկացանք, որ պետք է մենք շարունակենք, պետք է ապրենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Մինչ ընտրությունը ներկայացվեց Միության չորս տարիների կատարած աշխատանքները՝ բովանդակային և ֆինանսական մասերով: Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ կինոյի տանը նախորդ 4 տարիների ընթացքում ցուցադրվել է 356 ֆիլմ, իրականացվել է 53 հանդիպում՝ ընտրված խորագրերով, անցկացվել է 6 կինոփառատոն, կազմակերպվել են կինոզրույցների շարք, եղել է պրոֆեսիոնալ գիլդիաների կազմավորում, իրականացվել են կինոյի տան շենքի վերականգնման աշխատանքներ և էլի մի շարք կարևոր նախագծեր:

Վերստուգիչ հանձնաժողովը, որը այս չորս տարիներին խիստ վերահսկողությամբ հետևել է Կինոգործիչների միության գործունեությանը, այն գնահատեց բավարարից լավ: Հայաստանի կինոգործիչների միության 153 անդամներից ժողովին և քվեարկությանը ներկա էին 108-ը: Նախագահի ընտրությունից հետո համագումարը ընտրեց նաև վարչության կազմ:

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտեց, որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:

Նմանատիպ նյութեր