211652_close_icon
views-count3107 դիտում article-date 11:04 27-11-2021

«Սոչին» չեզոքացրել է «Բրյուսելը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդոը գրում է․ «Վերջնական դատողություններ անել երեկ կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին՝ դեռեւս վաղ է: Ինչպես միշտ՝ արդյունքները պարզվում են հետագա զարգացումների ժամանակ, չնայած՝ այս դեպքում լավատեսության հիմքեր ակնհայտորեն չկան:

Ընդունված եռակողմ հայտարարությունն, ըստ էության, բաղկացած է երկու կետից:

1/ Կողմերը գործընթացը կտանեն սահմանազատման եւ հետագայում՝ սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի «խորհրդակցական օգնությամբ»: Բայց պարզ չէ, թե ինչո՞ւ դապետք է արվի այն պայմաններում, երբ, ինչպես ինքը՝ Հայաստանի վարչապետն է ասում, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Տրամաբանական չէ՞, որ ադրբեջանական զորքը պետք է հետ քաշվի այդ տարածքից, նոր սկսվի այդ գործընթացը:

2/ Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովը լավ է աշխատել, ցանկալի է սկսել կոնկրետ նախագծերի իրականացումը: Պարզ չէ, թե ինչ նախագծերի մասին է խոսքը, եւ միշտ կասկած է մնում, որ դրանք թուրք-ադրբեջանական նախագծեր են:

Հիմա այն մասին, թե ինչը չկա այդ հայտարարության մեջ: Չկա այն, ինչի մասին խոսում էր Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ՝ համենայնդեպս տեսախցիկների առաջ. 1/ ոչինչ չի ասված ռազմագերիների մասին, 2/ ոչինչ ասված չէ այն մասին, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քանի որ հայտարարությունը ստորագրել է երեք հոգի, պետք է ենթադրել, որ բացի Փաշինյանից, մնացած երկուսը, մեղմ ասած, շահագրգռված չէին, որ նման կետեր լինեն:

Պուտինն իր ամփոփիչ խոսքում խոսել է «հումանիտար խնդիրների» մասին եւ առաջընթաց է արձանագրել, ինչպես նաեւ ճշգրտել է, որ սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքները կհամաձայնեցվեն մինչեւ տարվա վերջ, իսկ ապաշրջափակման գծով փոխվարչապետները մի շաբաթից կհանդիպեն Մոսկվայում եւ հայտարարություն կանեն:

Ինչի՞ համար է պետք այդ հանդիպումը Պուտինին: Ինձ թվում է՝ նրա հիմնական նպատակն էր եւս մեկ անգամ ընդգծել, թե ով է այս տարածաշրջանի տերը: Սոչիում եռակողմ հանդիպման փաստը պայմանավորված է նրանով, որ ավելի վաղ կողմերը հայտարարել էին, թե կհանդիպեն Բրյուսելում: Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ «իրենից դուրս» լինի որեւէ նախաձեռնություն, որն ուղղված է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ որքան էլ Պուտինը պնդի, թե «ողջունում է» բրյուսելյան հանդիպումը: Հայտնի է, որ հատկապես ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրերին Կրեմլի վերաբերմունքը խիստ բացասական է: Այսպիսով, այժմ կարելի է ասել, որ «Սոչին» չեզոքացրել է, անիմաստ է դարձրել «Բրյուսելը»:

Հայաստանն այս հանդիպումից որեւէ բան չի շահել: Ավելին, Ալիեւը ակնարկել է, որ Արցախում իրեն խելոք կպահի, քանի որ այնտեղ ռուս խաղաղապահներ են, իսկ հայ-ադրբեջանական սահմանին կանի ինչ ուզում է, որովհետեւ այնտեղ ռուս խաղաղապահներ չկան: Հայաստանը տարբերակ չունի որեւէ բան շահելու, քանի որ բանակցությունները վարում է պատերազմում պարտված վարչապետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր