211652_close_icon
views-count1231 դիտում article-date 23:16 25-11-2021

Տիեզերական դիտարկումները և շրջակա միջավայրի մոնիտորինգը. կայացավ եռօրյա դասընթաց մասնագետների և երիտասարդ գիտնականների համար

Սույն թվականի նոյեմբերի 10-12-ին տեղի ունեցավ «Տիեզերական դիտարկումները և շրջակա միջավայրի մոնիտորինգը» թեմայով եռօրյա դասընթացի առաջին մասը երիտասարդ գիտնականների և մասնագետների համար:

 

Դասընթացն իրականացվում է ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ծրագրի ընթացքում սա առաջին դասընթացն էր, որին կհաջորդեն ևս երեք վերապատրաստման դասընթացներ տարբեր շահառուների համար:

 

 

 

«Տիեզերական դիտարկումները և շրջակա միջավայրի մոնիտորինգը» դասընթացի մասնակիցները ներկայացնում են պետական, ուսումնական և գիտահետազոտական կառույցներ: Այսպիսի մոտեցման նպատակն է փաստել թե՛ տիեզերական դիտարկման կիրառության բազմաժանրությունը, և թե՛ ապահովել տարբեր ոլորտների ներգրավվածությունը: Մասնակիցներն, այսպիսով, հնարավորություն են ունենում գործնականում տեսնել մեկ խնդրի բազում կողմերը՝ շնորհիվ տարբեր խմբերից բաղկացած լսարանի:

 

Դասընթացի մասնակիցները ուսումնասիրում են տիեզերական դիտարկման հնարավորությունները

 

Դասընթացը մեկնարկեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Պոնտոս ծրագրի ղեկավար Աղավնի Հարությունյանի ողջույնի խոսքով. «Հայաստանի ամերիկյան համալսարանն առանցքային դեր է ստանձնել Հայաստանում, որի նպատակն է ոչ միայն գերազանց կրթության տրամադրումը, այլ նաև ներդրում ունենալը Հայաստանի տարբեր ոլորտներում կարողությունների ստեղծման ու զարգացման գործում: Վերջինս կատարվում է մեծամասամբ Համալսարանի Գերազանցության կենտրոնների միջոցով, որոնցից մեկն էլ հենց մեր կենտրոնն է՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը։ Այն տարբեր ծրագրերի միջոցով, ինչպես Պոնտոս ծրագիրն է, ապահովում է համալսարան-պետություն-հասարակություն կապը և զարգացումը»,- նշեց Հարությունյանը:

 

 

 

Աղավնի Հարությունյան, Պոնտոս ծրագրի ղեկավար

 

 

 

Դասընթացը բաղկացած էր տեսական, գործնական և դաշտային աշխատանքներից, համապատասխանաբար՝ լսարանում և ծրագրի պիլոտային տարածք՝ Սևանի ավազանում:

 

Դասընթացի առաջին օրը ծրագրի հայաստանյան թիմը մասնակիցներին ներկայացրեց Պոնտոս հարթակն ու ծառայությունները, «Կոպերնիկուս» համակարգը, տիեզերական դիտարկումն ու դրա ներուժը շրջակա միջավայրի համար, մասնակիցները ծանոթացան «Sentinel Hub»«EarthTrack», «SNAP» և «Copernicus Open Access Hub» հավելվածներին: Գործնական աշխատանք կատարեցին «SNAP» հավելվածի միջոցով:

 

 

 

  Գարաբեդ Կազանջեան և Եվա Դանիելյան, Պոնտոս ծրագրի հետազոտողներ

 

 

 

Դասընթացի երկրորդ օրը հագեցած էր գործնական աշխատանքներով մասնակիցները «SNAP» հավելվածով գործնական աշխատանք կատարեցին՝ կապված «Պոնտոս» ծրագրի հայաստանյան պիլոտային տարածքում ուսումնասիրությունների հետ, ինչպիսիք են`ջրի և հողի վերլուծական թեմատիկ գործիքները (NDVI, NDWI, C2RCC, NDTI և այլն): Գործիքների միջոցով գործնական աշխատանքներ կատարվեցին անտառածածկի և ջրում քլորոֆիլ-Ա-ի կոնցենտրացիայի որոշման նպատակով:

 

 

 

Պոնտոս ծրագրի հետազոտողներ ձախից դեպի աջ՝ Եվա Դանիելյան, Արտակ Անտոնյան

 

 

Պոնտոս ծրագրի հետազոտող Ալեքսանդր Առաքելյանը նշեց, որ դիտարկվող գործիքների կիրառությունը մասնակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեության մեջ կնպաստի ավելի գիտահեն որոշումների կայացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա երիտասարդ գիտնականներին իրենց ունեցած դաշտային տվյալները համախմբել արբանյակային տվյալների հետ՝ այսպիսով ստեղծելով առավել ճշգրիտ և համապարփակ գիտելիք:

  

 

Պոնտոս ծրագրի մասնակիցները պիլոտային տարածքում, Հայրավանք, Սևանի ավազան

 

 

Պոնտոս ծրագրի հետազոտող Արտակ Անտոնյանը մասնակիցներին ներկայացրեց «Sentinel 2»-ից ստացված արբանյակային տվյալների և «SNAP» հավելվածի գործիքների միջոցով Սևանի ջրում քլորոֆիլ-Ա-ի կոնցենտրացիայի հաշվարկի գործընթացը։ Վերջինս շահառուներին հնարավորություն կտա արբանյակային և տեղում հավաքված տվյալների համադրմամբ, ստեղծել քլորոֆիլ-Ա-ի կոնցենտրացիայի առավել բարձր պարունակություն ունեցող տեղամասերի ճշգրտված ու հստակեցված արդյունքներ, որոնք հնարավոր կլինեն նաև կիրառել ժամանակակից տեղորոշման այլ հավելածներում (օրինակ՝ Google Earth-ում)։

 

Շատ հաճախ նկարի տվյալների վերլուծության ժամանակ արդյունքները կարիք են ունենում ճշգրտության բարձրացման, որը հեռազննման մեջ ընդունված է իրականացնել դաշտային չափումների հիման վրա: Կարելի է շեշտել, որ դաշտային դիտարկումները և տվյալների հավաքագրումը հեռազննման գործընթացի կարևորագույն քայլերից է: Ուստի, դասընթացն ավելի համալիր կազմակերպելու նպատակով իրականացրեցինք դաշտային այցելություն և փորձեցինք դասընթացի շրջանակում մասնակիցներին փոխանցել նաև ճշգրտման և տեղում հավաքվող տվյալների փորձառություն»,- նշեց Պոնտոս ծրագրի հետազոտող Արտակ Փիլոյանը:

 

  

Ձաջից աջ՝ Ալեքսանդր Առաքելյան, Արտակ Փիլոյան, Պոնտոս ծրագրի հետազոտողներ

 

Դասընթացի մասնակից տիկին Լուսինե Համբարյանը, ով ավագ հետազոտող է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում, նշեց, որ «Տիեզերական դիտարկում և շրջակա միջավայրի մոնիտորինգ» թեմայով եռօրյա դասընթացի ժամանակ ստացած գործնական գիտելիքները կնպաստեն համադրել  լաբորատոր հետազոտությունների ստացված արդյունքները և հիմնական զարգացման օրինաչափությունները  տիեզերական պատկերների հետ: Սա կնպաստի հետազոտությունների միաժամանակ կատարման գործընթացի զարգացմանը: Այնուհետև, գործնական գիտելիքները կնպաստեն քլորոֆիլ Ա-ի կոնցենտրացիաների  տիեզերական պատկերների և ֆիտոպլանկտոնի հորիզոնական բաշխվածության ուսումնասիրությանը, ինչն էլ թույլ կտա կանխատեսել լճում ծաղկումները՝ զուգահեռ բացահայտելով ջրիմուռների տեսակային կազմը: Ի վերջո, հավելվածների միջոցով ստացված պատկերները և մանրադիտակային եղանակով կատարված ուսումնասիրությունները կօգնեն գտնել ջրիմուռների դոմինանտ տեսակները և նրանց քանակական ցուցանիշները: Լուսինեն հավելեց, որ այս հետազոտությունները կնպաստեն ինչպես Սևանա լճի ավելի ճշգրիտ հետազոտություններին և կարող են հիմք ծառայել ֆիտոպլանկտոնի տարածական մոդելի ստեղծմանը, այնպես էլ կլիմայական տարբեր սցենարների ներքո էկոհամակարգին մեղմացման միջոցառումների մշակմանը։

 

 

Լուսինե Համբարյան (ձախից), ավագ հետազոտող է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում, դասընթացի մասնակից

 

 

Մասնակիցները և կազմակերպիչները ոգևորություն և հետաքրքրություն հայտնեցին հետագա համագործակցության համար: Ծրագրի հաջորդ դասընթացի շարքն ակնկալվում է իրականացնել գալիք տարվա գարնանը, որը հագեցած է լինելու գործնական պարապմունքներով և հետազոտություններով:

 

Դասընթացի նյութերը, ելույթներն ու ձայնագրությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://pontos-eu.aua.am/outreach/firsttrainingam/.

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ևս չորս գործընկեր կազմակերպություններ համատեղ 2020թ. հուլիսի 1-ից մեկնարկել են «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագիրը: Երեսուն ամիս տևողությամբ ծրագիրն իրականացվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020 թթ. ծրագրի համաֆինանսավորմամբ:

 

Սույն հոդվածը պատաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվությունը կրում է ՊՈՆՏՈՍ ծրագրի գործընկեր Հայաստանի ամերիկյան համալսարանը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական Միության տեսակետները։

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/259764689513893

https://www.ecoinspect.am/%d5%bf%d5%ab%d5%a5%d5%a6%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%87-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab/

Նմանատիպ նյութեր