211652_close_icon
views-count2586 դիտում article-date 20:53 23-11-2021

Պատվաստումն անհրաժեշտություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սատուրացիաս իջել էր 40-ի»,-պատմում է Զաբելա Մկրտչյանը:
 
«Կտրուկ վատ զգացի, տեղափոխվեցի հիվանդանոց»,- հավելում է Վրեժ Առաքելյանը:

«34 օր եղել եմ վերակենդանանցման բաժանմունքում՝ երկկողմանի թոքաբորբ, 80 տոկոս ախտահարում։ Բժիշկների շնորհիվ արդեն երկու օր է՝ ավելի լավ եմ»,- իր մասին է պատմում 44-ամյա Մարինե Ասատրյանը:

Հիվանդության նրանց պատմություններն ունեն նույն անունը՝ «Քովիդ -19»: Համավարակի տարածումից սկսած՝ Երևանի քաղաքապետարանի 2 բուժկենտրոն վերամասնագիտացել է և զբաղվում է քովիդով հիվանդների բուժմամբ։

«Բաժանմունքը ծավալված է շուրջ 50 մահճակալով։ Ներկա պահին բոլորը զբաղված են։ 25 հոգի միացված է արհեստական շնչառության ապարատին։ Մյուսները 50 լիտր և ավելի հոսքով թթվածին են շնչում»,-նշում է Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի բժշկական ղեկավար Հայկ Անտոնյանը:

«Հիվանդության առաջին ալիքի ժամանակ մարդիկ հասցնում էին կողմնորոշվել, ԿՏ հետազոտություն անել, հիմա՝ 3-4 օրում միանգամից ծանր վիճակում ընդունվում են մեզ մոտ»,- ասում է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի քովիդի բաժանմունքի բժիշկ Սողոմոն Վարդանյանը:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ այս մասնաճյուղը գործում է 2020թ․ ապրիլից։ Այս ընթացքում շուրջ 7500 հիվանդ ենք բուժել։ Ցավոք, հիմնականում քաղաքացիները ծանր վիճակով են գալիս, որը պահանջում է անձնակազմի մեծ լարվածություն»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Բժիշկների գործը կարող է և ավելի հեշտանալ, եթե շատ քաղաքացիներ գնահատեն սեփական առողջությունն ու փորձեն կանխարգելել հիվանդությունը: Համավարակի դեմ առայժմ միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է: Այն հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող ու տարեց մարդկանց համար:

«Մահացությունը մեծ լինում է հատկապես այն խմբերում, որոնք ունեն սրտանոթային խնդիրներ կամ շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում։ Այդ իսկ պատճառով սրտային հիվանդություններ ունեցողները ռիսկային գոտում են։ Շատ կարևոր է, որ հիվանդությունը կանխարգելվի»,- ասում է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

«Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարախտով հիվանդների դեպքում 5-ից 1-ի պարագայում հիվանդությունը վատ զարգացում է ունենում և հանգեցնում է մահվան: Այս դպքում պատվաստումը ոչ թե ընտրության հարց է, այլ՝ անհրաժեշտություն»,- նշում է Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը:

«Ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, և ամբողջ աշխարհն է դրանով պայքարում այս չարիքի դեմ։ Առ այսօր ՀՀ-ում 1 միլիոն պատվաստում է եղել։ Հետպատվաստումային ոչ մի մահվան կամ ծանր դեպք չունենք։ Դա էլ վկայում է այն մասին, որ պատվաստումն անվտանգ է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Երևանում պատվաստումները հիմնականում կազմակերպվում են պոլիկլինիկաներում: Հայաստան ներմուծված 4 պատվաստանյութերն էլ առկա են ու հասանելի: Դրանց բաղադրության, հակացուցումների մասին տեղեկությունները բաց ու հասանելի են ինչպես համացանցում, այնպես էլ նոր ուղեցույցներում:

Քաղաքացիներն իրենք են ընտրում պատվաստանյութը:

«Երբեմն մեկ օրում մինչև 500-600 պատվաստում ենք արել: Այսօր միջինը 200 հոգի է պատվաստվում»,-պատմում է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը:

Պոլիկլինիկաներից բացի, քաղաքապետարանը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ պատվաստումներ է իրականացնում նաև շրջիկ կետերում։

65-ից բարձր տարիքի անձանց համար, ովքեր չեն կարողանում գնալ պոլիկլինիկա, պատվաստման գործընթացն արդեն կազմակերպվում է նաև տանը։ Covid-19-ի դեմ պատվաստումը հնարավորություն է ապրելու, ապրելու առողջ ու առանց վարակվելու և վարակելու մշտական վախի:
 
Կից տեսանյութի հղումը՝

https://www.facebook.com/watch/?v=272161004872371
 

Նմանատիպ նյութեր