211652_close_icon
views-count1250 դիտում article-date 20:13 19-11-2021

ԵՊՀ-ն և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր են կնքել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:

Հուշագրի կնքումը միտված է ՀՀ-ում կրթության զարգացմանն ու
արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

«Գործատուների ու դաշտի առաջատար կազմակերպությունների հետ մենք հուշագրեր ենք ստորագրում մեր ուսանողների համար առավելագույնս լավ պայմաններ ստեղծելու և նրանց պրակտիկան ապահովելու համար: Հույս ունեմ, որ այս փոխգործակցությունը երկարատև և շարունակական է լինելու՝ ներառելով տարբեր ուղղություններ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ հուշագիրը կնքվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի առաջարկությամբ: Այն հնարավորություն է տալու ուսանողներին կիրառելու տեսական գիտելիքները և ձեռք բերելու գործնական հմտություններ ու փորձ:

Համագործակցությունը նաև աջակցելու է երիտասարդ մասնագետներին աշխատանքի որոնման հարցում, ինչպես նաև խթանելու է ուսանողների և ոլորտի մասնագետների միջև պարբերական մասնագիտական շփումներն ու երկխոսության ձևավորումը:

«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել Մայր բուհի հետ ընդլայնելու մեր համագործակցությունը: Ներկայումս թվային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մի նոր ժամանակաշրջան է սկսվում, և մտավոր ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ են ի հայտ գալիս: Մեր աշխատանքի ընթացքում հիմնականում բախվում ենք մարդկային ռեսուրսների ոչ բավարար լինելու խնդրին: Ուստի համագործակցության մեջ ես կարևորում եմ այն հանգամանքը, որ հնարավորություն ենք ստանալու ուսանողների հետ աշխատելու նախքան նրանց շրջանավարտ դառնալը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն էլ ընդգծեց, որ կադրային ոլորտում իսկապես խնդիր կա, ուստի գործատու-բուհ կապը պետք է ամրապնդել և ընդլայնել. «Իրապես, աշխատանքային շուկայի պահանջները շատ արագ են փոփոխվում, ուստի կրթությունը երբեմն չի կարողանում լիարժեք բավարարել այդ պահանջները: Պրակտիկան այն դաշտն է, որը կադրերին հնարավորություն է տալիս հարմարվելու ու համապատասխանելու աշխատանքային շուկայի նոր պահանջներին»:

Համագործակցության հուշագրի համաձայն՝ «Գրանթ Թորնթոն Հայաստանը» ԵՊՀ բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներին հնարավորություն է տալու ուսումնական պրակտիկա անցնելու կազմակերպությունում: Իսկ պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն են ունենալու աշխատանքի անցնելու «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համապատասխան մասնագիտացմամբ թափուր հաստիքների առկայության դեպքում:

Նախատեսվում են նաև համալսարանի ուսանողների, դասախոսների և աշխատակազմի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներով դասախոսություններ կազմակերպել, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ վարել և այլ
միջոցառումներ իրականացնել:

Նմանատիպ նյութեր