211652_close_icon
views-count1680 դիտում article-date 10:49 18-11-2021

Միջազգային հանրության ասելիքն ու մեր անելիքը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախօրեի դեպքերի հետ կապված արդեն իսկ հայտարարություններով են հանդես գալիս մի շարք պետություններ, միջազգային կառույցներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք չեն վերածվում գործուն մեխանիզմների, որոնք կզսպեին ադրբեջանական ագրեսիան։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հայտարարության` մեջ կոչ էր արել կողմերին գնալ «ուղիղ եւ կառուցողական համագործակցության, բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանի դեմարկացիան»: «Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու եւ հետագա էսկալացիան կանխելու համար»,- ասել էր նա:

Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված «զսպվածության կոչով» եւ «հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը» հավատարիմ մնալու հորդորով են հանդես եկել համապատասխանաբար` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են «աշխարհաքաղաքական վիճակի եւ տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխության անընդունելի» լինելու հանգամանքը: Միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտության եւ խնդիրները երկխոսության ու խաղաղ միջոցներով լուծելու հորդորով հանդես է եկել նաեւ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ կոչ անելով «երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն եւ զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց»։

Իհարկե, կան անհատներ՝ քաղաքական, հանրային գործիչներ, մտավորականներ, որոնք բարձրաձայնում եւ ահազանգում են ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու եւ համարժեք վերաբերմունք դրսեւորելու անհրաժեշտության մասին։ Սակայն իրականությունն այն է, որ այդ առողջ շերտը իրական քաղաքականությունը մշակողն ու իրականացնողը չէ, իսկ պետությունների կառավարությունների եւ միջազգային կառույցների վրա ազդելու մեխանիզմներ չունի։

Այսպես` Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը: «Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է: Հայաստանի դեմ մահացու բռնությունների այս աճը կշարունակվի, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը եւ միջազգային հանրությունը չեն ձեռնարկել անհապաղ եւ վճռական դիվանագիտական գործողություններ: Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը հարձակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եւ ահաբեկում անմեղ քաղաքացիներին: Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որն ավելի կքաջալերի Ալիեւին, եթե նա չկանգնեցվի»,- թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանկ Փալոնը: Դեյվիդ Սիսիլինն ընդգծում է, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի արեւելյան սահմանի վրա նախորդ տարվա խաղաղության մասին համաձայնության կոպիտ խախտում է, եւ դա չի կարելի հանդուրժել. «6000 մարդ մահացավ նախորդ տարվա հակամարտության հետեւանքով, այս վիճաբանությունը չպետք է պատճառ դառնա նոր կորուստների: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Հայաստանի ինքնիշխանությունը»: Իսկ Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելով դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու համար եւս մեկ զանգվածային հումանիտար աղետ` միաժամանակ ցույց տալով «ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը»:

ԱՄՆ կոնգրեսականները միանգամայն տեղին են շեշտում, որ առանց առարկայական, գործուն քայլերի հնարավոր չի լինի կանխել հերթական ագրեսիայի հետեւանքները։ Միաժամանակ պետք է փաստենք այն կարեւոր հանգամանքը, որ որքան էլ սպասված եւ համարժեք լինեն միջազգային հանրության կամ պետությունների ու կառույցների գործողություններն ու քայլերը, ցեղասպան պետություն հանդիսացող Ադրբեջանին զսպելու հիմնական եւ գլխավոր դերակատարությունը միմիայն մերն է։ Մնացյալն ածանցյալ է։»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր