211652_close_icon
views-count168137 դիտում article-date 10:08 08-11-2021

Սպանություն «Հաղթանակ» թաղամասում. խոհանոցում հայտնաբերվել է սպանության համար նախկինում դատապարտված, 36-ամյա տղամարդու դի. մի խումբ անձանց կողմից սպանության հատկանիշով հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:40-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ»  թաղամասի (ժողովրդին հայտնի  4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ  Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը:

Օպերատիվորեն ժամանել են  նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  պետ Մհեր Վարդանյանը, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լյուդվիգ Հարությունյանի, Սամվել Միքայելյանի և Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող  խոհանոցում   բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի  արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր:

Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության  Մալաթիայի բաժին են բերման ենթարկել  նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է  սպանություն կատարելու մեջ:  Նրա հագուստի և դեմքին  վրա կային արնանման հետքեր:

Տեղում Մալաթիայի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված Լ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր