211652_close_icon
views-count47194 դիտում article-date 19:14 25-10-2021

Քեզ բացակա չենք դնի. 21-ամյա լեգենդ դարձած հերոս, դու առաջնորդվում էիր մեծն Մոնթեի գաղափարներով. Երևանում բացվեց 21-ամյա Գևորգ Կարապետյանի հիշատակին նվիրված հուշարձան- հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 98/8  շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, 21-ամյա Գևորգ Կարապետյանի հիշատակին նվիրված հուշարձանի և հուշաղբյուրի բացման արարողություն:

Մինչ բացումը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  նահատակված հերոսների հիշատակը, որից հետո հոգևոր հովվի կողմից տեղի ունեցավ օծման արարողություն:
Կենդանի կատարմամբ՝  երգ ու ասմունքով հանդես եկան թաղամասի երեխաները, ապա ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:

Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի  հետ զրույցում ներկաներից ոմանք ասում էին.  «Այս վայրը այսուհետ մեզ համար դառնալու է սրբատեղի:  Իզուր չէ, որ նրա հայրն ու կոթողի հեղինակը  այնպիսի  տեղ են ընտրել վայրը, որտեղ իր մանկությունն է անցկացրել Գևորգը: Նա արծվի նման հիմա սավառնում է երկնքում և այդ արծվե  արձանի թիկունքին մեր բիբլիական Արարատն է:

Մենք Գևորգին ու  բոլոր նահատակված հերոսներին բացակա չենք դնի: Դեռ մինչև բանակ գնալը, գիտեինք, թե ինչպիսի հայրենասեր տղա է Գևորգը ու ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում է՝  պտուղը ծառից հեռու չի ընկնում, ինչ ցանես, այն կհնձես:

Նրա ծնողները,  ճիշտ է,  հիմա  բազմաթիվ որդեկորույս ծնողների նման վշտացած են, բայց նաև  հպարտ են, որ իրենց որդին մեզ՝ կենդանի մնացած մարդկանց համար նվիրաբերեց ամենաթանկը՝ կյանքը: Կյանքդ կյանքիս համար՝ այս խոսքերը նույնպես վերաբերում է մեր լեգենդ դարձած հերոս Գևորգին:    

Գևորգն ու նրա նմանները այս պատերազմում հաղթել են: Նրանք  չեն պարտվել: Պատմութունը կսրբագրի ամեն ինչ և տարիներ անց  կիմացվի, որ էս հերոս տղերքը հաղթել են: Հաղթել են,  որովհետև դեռ մանկուց Գևորգի և նրա նմանների մտածելակերպում արմատավորվել է  այն գաղափարը, որ հայրենիքը մանրամասն սիրելու երկիր է ու իզուր չէ, որ նաև Գևորգն էր շատ հաճախ հասակակից ընկերների մոտ հիշում լեգենդար Մոնթեին, կրկնում նրա խոսքը՝ Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք ու հիմա մենք՝ ողջ մնացածներս, պետք է շարունակենք էդ լույս տղերքի ՝ մեր բակի լեգենդ Գևորգի կիսատ մնացած գործը:

Պետք է հզորանանք, պետք է հզորացնենք մեր բանակը ու վեջնականապես Արցախն ազատենք թուրք- ադրբեջանական բաշիբոզուկներից ու էդ ժամանակ  վստահ ենք՝ Գևորգը,  որ հիմա արծվի թևերով սավառնում է երկնքում ու հետևում մեզ, կտեսնի այդ ամենը»:
 
Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999թ. հուլիսի 10-ին։
Սովորել է Վ. Համբարձումյանի անվան N12  դպրոցում 9 տարի։ Դպրոցական տարիներին զբաղվել է սպորտով, հաճախել է կարատեի դասերի։

9- ամյա կրթությունը ստանալուց հետո շարունակել է սովորել ԵՊՏՔ-ում՝ որպես փորձագետ- ապրանքագետ։ Այնուհետև ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «կառավարում» բաժնում։

 Ունենալով գերազանց առաջադիմություն, Գևորգը համալսարանում ուսումը սկսել է 2-րդ կուրսից։  Հետո սովորել է Ավիա ուսումնական կենտրոնում որպես դիսպետչեր։ 1 տարի սովորելուց հետո՝օգոստոսի 13-ին, զորակոչվում է և ծառայում հայոց բանակին։ Ծառայել է Խոջալուում։

2020 թվական... Սեպտեմբերի 27... Սկսվեց պատերազմը... Գևորգին ու իր ընկերներին տարան ջինի, մի քանի օր այնտեղ մնալուց հետո տեղափոխեցին Ջրական (Ջաբրայիլ) ու ընկան ծանր կռվի մեջ։ Հետո տեղափոխվել են Մարտունի 2։ Մի քանի օր անց հետ են գնացել ջինի, որտեղ 3 օր Գևորգն ու ընկերները մնացել են առանց հացի ու ջրի։ Դրանից հետո գնացել են Վարանդա (Ֆիզուլի)՝ առաջադրանքով։ ​

Հոկտեմբերի 24... այս օրը Գևորգն անմահացավ։ Նա մինչև վերջ պայքարեց ընկերների հետ։ Գևորգը մնաց պատերազմում, որ հավերժ հսկի հայոց սահմաններն ու իր ջինջ աչքերով խաղաղություն բերի բոլորիս։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 341+
341+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր