211652_close_icon
views-count1378 դիտում article-date 17:22 18-10-2021

Մենք պիտի սովորենք ու չվախենանք ապրել, պայքարել ու հաղթել միասին. Գևորգ Թադևոսյան

Գևորգ Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

ՄԻԱՍԻՆ ՉԵՆՔ,
քանի որ իրար նայում ենք, ոչ թե ընդհանրությունները զգալու, այլ հանկարծ չնույնակականալու,  չմիավորվելու պատճառներ գտնելու աչքերով:

Իրար մեջ փնտրում ենք թերություններ և հակված ենք մտածելու, որ դիմացինի թերությունը մեր առավելությունն է, մեր բացառիկության հավաստումը։
Փնտրում ենք պատճառներ դիմացինին մերժելու և ոչ թե՝ նրա «ձեռքը բռնելու» ու «կեղտոտվելու»։

Մեր ազգային միասնականությունը չի կայանում, որովհետև մենք իրար մեջ տեսնում ենք ոչ թե մեր շարունակությունն ու փոխլրացումը, մեր ուժն ու մեզ ուժեղացնող գործոնը, ճանապարհը․․․, այլ մեր հակադրությունը։

Մեր ամբողջ պատմության մեջ շատ քիչ է եղել, որ իրապես եղել ենք ՄԻԱՍԻՆ, իբրև մեկ ամբողջություն, մեկ իմաստ։
Բայց, երբ եղել ենք, հաղթել ենք․․․միշտ։

Մենք պիտի սովորենք ու չվախենանք ապրել, պայքարել ու հաղթել միասին։
Մենք պիտի կարողանանք դիմացինի մեջ գտնել, հայտնաբերել, ստեղծել մեր շարունակությունը, փոխլրացումը, իմաստը։
Մենք պիտի ուրախանանք մեզ նայող դիմացինի աչքերից և դա դիտենք իբրև միասնականության, ուժեղացման ու իրար ներուժը համադրելու մեկնած ձեռք, և ոչ թե դիմացինի թուլություն ու մեզնից կախյալության ապացույց։
Մենք պիտի չվախենանք սեխմել այդ ձեռքը ու մեզնով հարստացնել ու համալրել «մենքի շղթան»։

Մենք չպիտի վախենանք
ԿՌԱՆԱԼ ՈՒ ԱԶԱՏԵԼ ՄԵՐ ՈՏՔԵՐԻ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ, որ կարված են մեր մեծամտությունից ու բարդույթներից։
Մենք թույլ չենք որովհետև հակառակորդն է ուժեղ։
Թույլ ենք, որովհետև մեր կողքինը վախեցնում է մեզ ավելին, քան թշնամին։
Անընդհատ սպասում ենք հրաշքի ու փրկչի։

Եվ չենք մտածում, որ մի գուցե մենք ենք հենց այդ հրաշագործն ու փրկիչը։
Չենք մտածում, որ մի գուցե այդ հրաշագործն ու փրկիչը մեր կողքինն է ու մեր միասնականության, զինակցության ու ոգու կարիքը ունի։

Մի գուցե այդ հրաշքը հենց մեր ամբողջությունն է և ուժերը համադրելով մենք ու միասին դառնալը։

Մենք պիտի կարողանանք դիմացինի մեջ տեսնել աստվածայինը և դառնանք դրա կրողն ու զինակիցը։
Մենք պիտի դիմացինի հնարավոր թերության մեջ գտնենք մեր մեղքի բաժինը, մեր բացակայությունը․․․․․ու ապաշխարենք մեր «ներկայությամբ»։

Տառապում ենք անարդարությունից կամ դրա զգացողությունից։ Եվ չենք մտածում, որ անարդարություն լինում է այնտեղ, որտեղ արդարությունը ավելի ցածր է քան վախը, հարմարվողականությունն ու մեծամտությունը։

Անարդարություն լինում է այնտեղ որտեղ դրա համար կռվող ու պայքարող չկա։ Մեռնող չկա․․․
Անընդհատ փորձում ենք դիմացինի ձեռքերով կրակից շագանակ հանել և զարմանում ենք այն «անարդարությանը», որ նա հրաժարվում է դրա մեջ իմաստ տեսնել, երբ իր կողքին ու իր կրողը չենք։

Մեր բացառիկությունը ոչ թե իրար մերժելու մեջ պիտի գտնենք, այլ դիմացինին մեր մեջ կրելու, նրա ծառան ու տերը միաժամանակ լինելու, նրա ծնողն ու շարունակությունը հանդիսանալու։
ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ, ՄԵՐ ԻՄԱՍՏԻՆ,
ԵԹԵ ԱՅՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ,
ԿԱՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր