211652_close_icon
views-count4291 դիտում article-date 15:29 07-10-2021

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ- ն հայտարարում են DigiWeek-ի և DigiТec 2021- ի մեկնարկի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ համատեղ կիրականացնեն DigiWeek 2021 միջոցառումը, որը կանցկացվի Երևանում և Գյումրիում։
 
Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեցին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։
DigiWeek միջոցառման շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու։
 
«Հայաստան կգան կամ առցանց տարբերակով կմասնակցեն տարբեր պետությունների ոլորտը համակարգող նախարարությունների, միջազգային ընկերությունների, նաև ոլորտի ներկայացուցիչներ։ Այն կդառնա գլոբալ միջոցառում, որի կենտրոնում կլինի Հայաստանը։ Կստեղծվեն տարբեր հարթակներ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարևորագույն հարցերը և դրանց լուծումները»,- ասաց նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
 
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափ էկոհամակարգի կայացման և զարգացման պատասխանատուն, ուստի DigiWeek 2021-ի նման միջոցառումները կարևոր  են, քանի որ  հնարավորություն են տալիս բացահայտել հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներուժը, ուղղորդել, որպեսզի դրանք դառնան գլոբալ ընկերություններ և հայկական պրոդուկտը, ծառայությունները կամ բրենդը ճանաչելի դարձնեն ամբողջ աշխարհում։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն էլ հավելեց, որ ԱՏՁՄ-ի ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկն այն է, թե ինչպես, որպես զարգացող,  տեխնոլոգիաներով լի պետություն և ոլորտ, Հայաստանը դիրքավորել համաշխարհային տեխնոլոգիական հարթակում։
 
«Ողջունում և բարձր հարգանքով ենք մոտենում մեր համագործակցությանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որպեսզի կարողանանք մեր կարևոր տեսլականներից մեկն իրականացնել համատեղ»։
 
Րաֆֆի Քասարջանը նաև տեղեկացրեց, որ վերջին 1,5-2 տարվա ընթացքում այն ընկերությունները, որոնք ունեն հայ ղեկավարներ և գործունեություն Հայաստանում ավելի քան 2 միլրդ դոլար ներդրում են ներգրավել։ Այդ ընկերությունների ընդհանուր արժեքը 12 մլրդ դոլարից ավելի է.
«Սա աննախադեպ հաջողություն է հայկական տեխնոլոգիական ոլորտի համար և շատ ուրախ ենք, որ այդ ընկերությունները տարբեր ձևաչափերով մասնակցելու են DigiWeek- ի և Digitec-ի միջոցառումներին»,- ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։ 
 
DigiWeek Հայաստան 2021֊ի շրջանակներում 16-րդ անգամ կիրականացվի Digitec Expo ամենամյա միջոցառումը։ Այս տարի Digitec Expo-ն կլինի երբևէ ամենաընդգրկունը․ կմասնակցեն   100-ից ավելի ընկերություններ, որոնք 60-ից ավելի տաղավարներում կներկայացնեն իրենց պրոդուկտները և ծառայությունները։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցահանդեսային տարածքը կկազմի ավելի քան 1400 մ2։
 
Այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաև Digi Tech Summit-ը, որին կմասնակցեն նաև միջազգային ընկերությունների ղեկավարներ, պետական գործիչներ, անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կքննարկվեն տեխնոլոգիական արդյունաբերության առջև ծառացած մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ինչպես կարելի է մարտահրավերները վերափոխել հնարավորությունների։ Digi Tech Summit-ի այս տարվա խորագիրն է «Ինչպես բարգավաճել հետքովիդային աշխարհում»։ Բացման ելույթով հանդես կգա «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։
 
Digi Tech Summit-ի հաստատված մասնակից ընկերությունները․
 
    1. PicsArt
    2. Krisp
    3. SoftConstruct
    4. CodeSignal
    5. SoloLearn
    6. ServiceTitan
    7. Disqo
    8. SADA Systems
    9. VMWare
    10. SAP
    11. Mentor/Siemens
    12. Scylla
    13. Instigate
 
DigiWeek Հայաստան 2021-ը հագեցած կլինի գիտական և տեխնոլոգիական նորարարությունների, արհեստական բանականության և վենչուրային ֆինանսավորման վերաբերյալ թեմաներով։
Շաբաթվա ընթացքում ոլորտի 8 առաջատար ընկերություններ կանցկացնեն թեմատիկ միջոցառումներ։
 
 • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՀՄ) և Հայաստանի օպերատորների միությունը կներկայացնեն Թվային փոխակերպում` կապ վաղվա հետ միջոցառումը։
    • Hyetech Showcase-ը Երևանում և Գյումրիում կներկայացնի, թե ինչպես գտնել տաղանդավոր աշխատուժ Հայաստանում և Հայաստանից դուրս:
    • Koreez մրցույթի շրջանակներում կպարգևատրվեն Հայաստանի լավագույն ուսանողները և ուսուցիչները, այդ թվում նաև մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերածները։
    • DigiWeek-ի երեք թեմատիկ գագաթնաժողովները կմիավորեն գիտության, արհեստական բանականության և վենչուրային ֆինանսավորման լավագույն փորձագետներին՝ երիտասարդ ձեռնարկատերերի հետ փորձի փոխանակման նպատակով։
 
Երեք թեմատիկ գագաթնաժողովներն են՝
    • DigiWeek21 AI Summit
    • DigiWeek21 Venture Summit
    • DigiWeek21 Science and Sustainability Summit
 
Միջոցառման օրակարգը՝
    • Հոկտեմբերի 27-28 - Hyetech Showcase՝ տեղի կունենա Talent Matters-ը. հոկտեմբերի 27 – ին՝  Motor Yerevan- ում և հոկտեմբերի 28-ին՝ TUMO Գյումրիում։
    • Հոկտեմբերի 28 - Թվային փոխակերպում, Շփում վաղվա հետ, Holiday Inn հյուրանոց, Երևան։
    • Հոկտեմբերի 29-31 - Digitec Expo, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
    • Հոկտեմբերի 29-30 - Դիջիթեք գագաթնաժողով, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
  
   • Հոկտեմբեր 30 - Koreez մրցանակաբաշխություն, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
    • Նոյեմբերի 1 - Գիտության և կայունության գագաթնաժողով, Motor Երևան։
    • Նոյեմբերի 2 - DigiWeek-ի արհեստական բանականության գագաթնաժողով, Motor Երևան։
    • Նոյեմբերի 3 - DigiWeek վենչուրային գագաթնաժողով, Motor Երևան։

Նմանատիպ նյութեր