211652_close_icon
views-count2146 դիտում article-date 09:13 07-10-2021

Freedom House-ը քննադատում է Հայաստանի իշխանություններին․ «Ամերիկայի ձայն»

Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու կապակցությամբ և ձեռնամուխ են եղել պարզելու գրառման հեղինակի ինքնությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ այս քայլին նախորդել էր երկու ամիս առաջ ՀՀ խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որով քրեականացվել է պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը:

«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն քննադատել պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնվել նրանց հետ և անել դա հրապարակայնորեն»,- ասում է Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը Ամերիկայի Ձայնի հետ զրույցում:

Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի խոսքերով զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը տարիներ ի վեր օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից, սակայն հետխորհրդային տարածքը վերջին 30 տարվա ընթացքում ձգտել է դեպի դրանց ապաքրեականացում: Հայաստանը դա արել է առնվազն 10 տարի առաջ, նշում է նա:

«Զրպարտության կամ վիրավորանքի համար ֆինանսական տույժերի կիրառումը, կախված օրենսդրության առանձնահատկություններից, շատ ավելի թույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, քան քրեական պատասխանատվության ենթարկումը»,- պնդում է Բեհրենդտը:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։

«Իմ ընկալմամբ, Հայաստանի կառավարությունը դա դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, սակայն ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես դա կարող է հանդիսանալ ազգային անվտանգության հարց»,- շեշտում է Բեհրենդտը:

Անվտանգության տեսանկյունից Մարկ Բեհրենդտը ևս կարևորում է ժողովրդավարության արժեքների գերակայությունը:

«Հիմնարար անվտանգության ապահովման համար ամենակարևորն այն է, որ ժողովրդավարական հասարակությունը պաշտպանի փոքրամասնության, ինչպես նաև մեծամասնության իրավունքները, ունենա արդար և կանխատեսելի օրենքի գերակայություն, որը պաշտպանում է հիմնարար ազատությունները, ինչպիսին է խոսքի ազատությունը»,- պնդում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Հայաստանում, սակայն, իշխանական պատգամավորները չեն կիսում Freedom House-ի քննադատությունը: Օրենքի համահեղինակ, ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով կազմակերպությունը մոլորության մեջ է ու չի ընկալել հոդվածի բովանդակությունը: Ըստ պատգամավորի, այն ոչ թե վիրավորանքը, այլ հայհոյանքը քրեականացնելու մասին է։ Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքը չի քրեականացվել, պնդում է իշխանական պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրինագիծ՝ Քրեական օրենսգրքում ավելացնելով «Ծանր վիրավորանք» անունը կրող 137.1 հոդվածը: Այն պարունակում է դրույթ, ըստ որի՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի պարագայում նախատեսվում է պատիժ մինչև 3 մլն դրամի տուգանք կամ մինչև 3 ամիս ազատազրկում:

Նմանատիպ նյութեր