211652_close_icon
views-count7606 դիտում article-date 14:05 07-10-2021

«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ». Freedom House-ը քննադատում է Հայաստանի իշխանություններին

«Ամերիկայի ձայն». Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու կապակցությամբ և ձեռնամուխ են եղել պարզելու գրառման հեղինակի ինքնությունը։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ այս քայլին նախորդել էր երկու ամիս առաջ ՀՀ խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որով քրեականացվել է պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը: «Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն քննադատել պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնվել նրանց հետ և անել դա հրապարակայնորեն»,- ասում է Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը Ամերիկայի Ձայնի հետ զրույցում: Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի խոսքերով զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը տարիներ ի վեր օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից, սակայն հետխորհրդային տարածքը վերջին 30 տարվա ընթացքում ձգտել է դեպի դրանց ապաքրեականացում: Հայաստանը դա արել է առնվազն 10 տարի առաջ, նշում է նա: «Զրպարտության կամ վիրավորանքի համար ֆինանսական տույժերի կիրառումը, կախված օրենսդրության առանձնահատկություններից, շատ ավելի թույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, քան քրեական պատասխանատվության ենթարկումը»,- պնդում է Բեհրենդտը:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։ «Իմ ընկալմամբ, Հայաստանի կառավարությունը դա դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, սակայն ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես դա կարող է հանդիսանալ ազգային անվտանգության հարց»,- շեշտում է Բեհրենդտը: Անվտանգության տեսանկյունից Մարկ Բեհրենդտը ևս կարևորում է ժողովրդավարության արժեքների գերակայությունը: «Հիմնարար անվտանգության ապահովման համար ամենակարևորն այն է, որ ժողովրդավարական հասարակությունը պաշտպանի փոքրամասնության, ինչպես նաև մեծամասնության իրավունքները, ունենա արդար և կանխատեսելի օրենքի գերակայություն, որը պաշտպանում է հիմնարար ազատությունները, ինչպիսին է խոսքի ազատությունը»,- պնդում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր