211652_close_icon
views-count16588 դիտում article-date 17:30 06-10-2021

Փաշինյա՛ն, խոստումդ կատարիր․ շենքը փլուզվում է, տանիքը՝ կաթում, երեխաները հոսանքահարվում են, մեծերը՝ տանջվելով սպասում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Անդրանիկի թաղամասի (ՀԱԹ)  Րաֆֆու 111 հասցեում գտնվող հանրակացարանը Երևանի ծայրամասի ծայրամասում է և դուրս է մնում ինչպես համայնքային քարտեզներից, պլաններից, այնպես էլ բարձրաստիճան չինովնիկների ուղեղներից։

Այս շենքում չկան նորմալ կամ բարեկեցիկ ապրողներ, բոլորն էլ կարիքավոր են, այնինչ շենքը քաղաքապետարանից ու թաղապետարանից ոչ մի աջակցություն ու խնամք չի ստանում։

Աշխարհից մոռացված այս շենքի գոյության մասին չգիտեն Երևանի անգամ հմուտ տաքսիստները և անգամ նույն փողոցի սկզբնամասում բնակվողները։

 ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ականները հայտարարել են, թե Երևանում այլևս «հանրակացարանային հարց» չի լինելու և տարիներ շարունակ հանրակացարաններում սենյակներ զբաղեցրածները ստանալու են իրենց զբաղեցրած տարածքների սեփականության վկայականները։

Ամիսներ առաջ այս խոսքերը լսելով, Րաֆֆու 111 շենքի բնակիչները ևս իրենց ձայնը տվել են ՔՊ-ին և մինչև այսօր սպասում են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի խոստման կատարմանը։

Սպասում են և սպասում, այնինչ առջևում ձմեռ է, շենքն ունի բարեկարգման կարիք և օրեցօր ավելի է խարխլվում։ Շենքն ուսումնասիրվել է և ստացել 3-րդ կարգի վթարայնության աստիճան, որը սակայն ամեն օր կարող է փոփոխվել և դառնալ ավելի  վտանգավոր։

Բնակիչներն ամեն օր Աստված են կանչում, որպեսզի անձրևներն ուշ սկսեն, քանի որ տանիքը կաթում է։  Վերևի հարկի բնակիչները ստիպած են լինում հատակին թասեր դնել, սակայն դա էլ փրկություն չէ, քանզի միևնույն է՝ ողջ շենքն է խոնավանում, դառնում գարշահոտ և մնում այդպես մինչ հաջորդ ամառ։

 Այստեղ բնակվողները չեն կարողանում գրավ դնել, վարկ ստանալ, օգտվել նմանատիպ ծառայություններից, վարձով տալ կամ վաճառել բնակարանը, քանի որ չունեն վկայականներ։
Նույն պատճառով նրանք անգամ վախենում են տանից բացակայել, քանի որ իրենց տարածքը կարող է զավթել մեկ ուրիշն, իսկ իրենք՝ ոչինչ չեն կարողանա անել։

 Այստեղ երբեք չի եղել անգամ ճանապարհների ասֆալտապատում։ Շենքի շուրջ բոլորը քարե դարն է՝ օձանոց, կարիճանոց, կեղտ, փոշի, քար, փուշ, աղբ․․․

Գազ չկա և երբեք չի եղել։ Բոլոր կոմունիկացիաներն անցնում են բաց՝ օդի միջով և ոչ մի հանրային ծառայության կողմից չեն վերահսկվում։

Բնակիչներն ապրում են նեղլիկ, փոքրիկ բնակարաններում, որտեղ և՜ զուգարանն է և՜ բաղնիքը և խոհանոցը և՜ ննջարանը։

Երեխաները աղբավայրից և շենքի մութ միջանցքներից բացի, այլ խաղաղու տեղ չունեն։ Բազմաթիվ երեխաներ հոսանքահարվում են բաց հաղորդալարերի պատճառով։

Բոլոր նրանք, ովքեր տարիների ընթացքում այլ տեղ բնակվելու շանս են գտել՝ հեռացել են այստեղից։ Աստեղ չկա ո՜չ խանութ, ո՜չ դպրոց կամ մանկապարտեզ, և ոչ էլ անգամ հասարակական տրանսպորտ։

Այստեղի երեխաները հիմնականում հաճախում են Մերձավան գյուղի դպրոց։ Մեծահասակները հասարակական տրանսպորտից օգտվելու համար քայլում են կիլոմետրերով, որպեսզի հասնեն կամ Փարաքարի կանգառներ Կամ ՀԱԹ Րաֆֆու փողոցի սկզբնամաս։

Շենքի սեփականաշնորհումն ու բնակիչներին վկայականների բաժանումը կարող է գլխիվայր փոխել այստեղ բնակվող մի քանի տասնյակ ընտանիքիների ողջ կյանքը։ Տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրեթե 0-ի հասնող հետաքրքրությունը կմեծանա, բնակիչներն էլ կկարողանան օգտվել բանկերի ծառայություններից և իրենց անշարժ գույքի հետ իրականացնել բազմաթիվ գործարքներ, ձեռքներին ընկած, արյուն-քրտինքով աշխատած մի քանի հազար դրամ գումարն էլ հանգիստ խղճով կսկսեն ծախսել իրենց տան վրա, վստահ լինելով, որ վաղը դա իրենցից ոչ մեկ չի խլելու։

Լուսնակարները՝ Հայկ Կիսեբլյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր