211652_close_icon
views-count1425 դիտում article-date 10:41 30-09-2021

Ո՞ր դատավորներին «կոռումպացված» կհայտարարեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ նախորդ իշխանության ժամանակ իրավապահ եւ դատական մարմինները դաժան, սադիստական վերաբերմունք էին դրսեւորում Գագիկ Ջհանգիրյանի հաշմանդամ եղբոր հանդեպ, կարելի էր կանխատեսել, որ Ջհանգիրյանը, երբ կտիրապետի որոշակի իշխանական լծակների, կաշխատի վրեժխնդիր լինել նման վարք դրսեւորողներից եւ ընդհանրապես՝ հեռացած իշխանության ներկայացուցիչներից: Ավելին՝ ենթադրելի է, որ ձգտելու է պաշտոնի՝ այդ վրեժխնդրությունն իրականացնելու համար:

Երբ այդ նույն ժամանակաշրջանում իշխանության որոշակի թեւի ներկայացուցիչները նպաստեցին, որ իր պարտականությունները հաջող, արդյունավետ կատարող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմում գրի, իսկ այնուհետեւ խորհրդարանի եւ այլ ամբիոններից վիրավորական, նվաստացուցիչ խոսքեր էին ասում նախկին օմբուդսմենի հասցեին, ինձ համար պարզ էր, որ Անդրեասյանի ձգտումն է լինելու փոխհատուցել իր ստացած վիրավորանքների համար: Այժմ նա դրա հնարավորությունը ստացել է, եւ դատելով նրա վերջին հայտարարություններից, դրանք կիրականացնի: Արդարադատության նախարարը հիմա խոսում է հանրահավաքային ոճով՝ «պետությանը պատերազմ հայտարարած մաֆիոզ բանդաների» կամ «համակարգը կոռումպացված դատավորներից մաքրելու» մասին:

Երկու պաշտոնյաների դեպքում էլ թիրախը դատական համակարգն է, որը գործադիր իշխանության գրպանում հայտնվելուն առայժմ թեթեւ դիմադրություն է ցուցաբերում, եւ այդ գործիչների ընտրությունն ամենեւին էլ պատահական չէր՝ նրանք հավելյալ անձնական մոտիվացիա ունեն համակարգից «մուռ հանելու»: Հիմա շատ մեծ է հավանականությունը, որ «կոռումպացված» կհայտարարվեն այն դատավորները, որոնք Քոչարյանի եւ այլ «հնչեղ» գործերում ընդունել են իշխանության քիմքին ոչ հարմար որոշումները: Իսկ իրապես կոռումպացվածները, որոնք հլու-հնազանդ ծառայում էին Սերժ Սարգսյանին, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանին, կմնան իրենց տեղերում:

«ՔՊ»-ական մեծամասնությունը խորհրդարանում ընդունել է օրենք, որը քրեականացնում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին հայհոյելը, եւ արդեն իսկ սկսվել է Փաշինյանին հայհոյողի քրեական հետապնդումը (ինչի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել «Ֆրիդոմ հաուսը»): Իսկապես պարզ չէ, թե ինչու վարչապետին հայհոյելը քրեական հանցագործություն է, իսկ նույն բառերը, ասենք, երթուղայինի վարորդին ասելը նման հանցագործություն չէ: Եվ հետո՝ արդյո՞ք ինքը՝ վարչապետը, իր հրապարակային ելույթներում երբեք չի հայհոյել: Հիմա դատավորները, վախենալով, որ իրենց «կոռումպացված» կամ «մաֆիոզի» կորակեն, «դակելու» են նման գործեր՝ իրենց որոշումներով: Ահա թե ինչի համար են պետք այդ պաշտոնյաները:

․․․ Այս իշխանությունը նույնպես հավերժ չէ՝ անկախ այն հանգամանքից, որ իշխանավորներին թվում է, թե իրենք հավերժ են: Մի քանի տարի հետո կգան նոր իշխանավորներ եւ կփորձեն այսօրվաններից վրեժ լուծել»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր