211652_close_icon
views-count23850 դիտում article-date 18:14 27-09-2021

Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում բացվեց դպրոցի շրջանավարտների, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող անկյուն և հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, Երևանի Ավան վարչական շրջանի, Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում բացվել է 44 օրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտներ Հայկազ Մկրտչյանի, Լևոն Խուրշուդյանի, Գրիգոր Գրիգորյանի և կրտսեր սերժանտ Գառնիկ Գասպարյանի անմար հիշատակը հավերժացնող անկյուն և հուշաղբյուր:

Միջոցառմանը հրավիրված էին հերոսացած հայորդիների ծնողները, ընկերները, ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Ավան վարչական շրջանի կրթության բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, բարերարները, դպրոցի ուսուցչակական անձնակազմն ու սաները: Պատվավոր հյուրերի շարքում էին դպրոցի շուրջ 40 շրջանավարտներ, որոնք նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից են:

Արարատյան Հայրապետական թեմի սբ. Աստվածամայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանին ձեռամբ կատարվեց հոգեհանգստի, փառքի անկյունի ու հուշաղբյուրի օրհնության կարգը:

Նահատակված շրջանավարտների հիշատակի անկյունը ստեղծվել է դպրոցի անձնակազմի նախաձեռնությամբ ու ջանքերով: Նրանց աջակցել է դպրոցի նախկին սան Արմեն Առուստամյանը, որին միացել ու իրենց ներդրումն են բերել բարերարներ Սամվել Ապերյանը, Արամ Հովսեփյանը, Մուշեղ Կարապետյանը: Էդիտ պրինտ հրատարակչության օժանդակությամբ բրոշյուրներ են տպագրվել՝ նվիրված կարճատև, բայց անմահության ճամփան բռնած հերոս զինվորների կյանքին, որում տեղ են գտել նաև նրանց մասին հուշեր:

Դպրոցի տնօրեն Մանյա Առուստամյանի խոսքով՝ սա կդառնա է մի սրբատեղի, խոնարհումի ու փառքի անկյուն, որն ամեն օր կլինի նոր կրթվող սերնդի աչքի առաջ՝ որպես հայրենիքին անմնացորդ նվիրումի օրինակ ու պատգամ:

Դպրոցի սաները պիտի ամեն օր տեսնեն հիշեն ու խոնարհվեն նրանց սխրանքի առջև, որպեսզի տղաների հերոսական պայքարի ընդհատված ուղին շարունակելու ու բոլորիս երազած խաղաղ, բարեկեցիկ, հզոր Հայաստանը կերտելու ունակ սերունդ դաստիարակվեն:

Դպրոցի սաները հիշատակի հուզիչ բեմականացում էին պատրաստել, որից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 1000-ավոր հայորդիների անմար hիշատակը: Միջոցառման ավարտին տնօրեն Մանյա Առուստամյանը հատուկ շնորհակալագրեր հանձնեց հանուն Հայրենիքի նահատակված հերոսների հարազատներին, դպրոցի այն շրջանավարտներին, ովքեր 44-օրյա պատերազմի մասնակից են եղել, նաև նրանց, ովքեր հիմա էլ շարունակում են զինվորական ծառայությունն ու խիզախորեն, կյանքի գնով պահում են մեր երկրի սահմանները:

Լուսանկարները և տեսանյութը՝   Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 244+
244+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր