Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինի խաղերն են
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակ է հղել օլիմպիական հանրությանը, որում մասնավորապես ասվում է.
<< Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողությունից անցել է մեկ ամսից ավելի, և հուսով եմ, որ այս նամակը կընթերցեք լավ տրամադրությամբ:
Մենք կարողացանք կյանքի կոչել պատմության ընթացքում առաջին անգամ հետաձգված մարզահանդեսը՝ օլիմպիական համայնքի անդամների միասնական աջակցության շնորհիվ: Խաղերի ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների բախվեցինք:
Ընդունեք իմ շնորհակալությունը Տոկիոյի խաղերի հաջողության գործում ձեր ներդրումի և նվիրումի համար: Մեզանից աննախադեպ ջանքեր պահանջվեցին անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու համար:
Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության խաղեր էին: 205 ազգային օլիմպիական կոմիտեների և ՄՕԿ -ի փախստականների օլիմպիական թիմի ներկայացուցիչները անմոռանալի ելույթներով յուրատեսակ ուղերձ հղեցին աշխարհին:
Համաճարակի սկզբից ի վեր, առաջին անգամ, աշխարհը համախմբվեց սպորտի գերբնական ուժի և մարզիկների նվաճումների շնորհիվ:
Տոկիոյի խաղերը այս դժվարին ժամանակներում աշխարհին տվեցին այնքան անհրաժեշտ հույս ու հավատ: Դա է օլիմպիական խաղերի նպատակը ՝ միավորվել խաղաղությամբ, համերաշխությամբ և մարդկությանը վստահություն ներշնչել ապագայի նկատմամբ:
Այժմ բացառիկ հնարավորություն ունենք ընդամենը մի քանի ամիս հետո, մեկ անգամ ևս ամրապնդել օլիմպիական այդ ուղերձը: Մեր ուշադրության կենտրոնում այժմ Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն են:
Համաճարակը դեռևս ավարտված չէ: Ուզում եմ հավաստիացնել, որ չինացի գործընկերների հետ ջանք չենք խնայի առաջիկա խաղերը նույնպես ապահով դարձնելու համար: Ինչպես Տոկիոյում էր, իրականացնում ենք խիստ միջոցառումներ ՝ Պեկինի օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: Շարունակում ենք առաջնորդվել առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային փորձագետների խորհուրդներով:
Պեկինի խաղերին առնչվող կանոնագրքերը կհրատարակվեն հոկտեմբերին: Այս համատեքստում, ուրախ եմ հայտարարել, որ ձմեռային օլիմպիական խաղերի համար մենք կունենանք պատվաստումների ծրագիր, որն այդքան արդյունավետ աշխատեց Տոկիոյում: Նշանակում է, որ կաջակցենք շահագրգիռ կողմերին `պատվաստանյութեր տրամադրելով խաղերի բոլոր մասնակիցներին, բնականաբար ազգային կանոնակարգերին համապատասխան:
Այս դժվարին ժամանակներում զգում ենք օլիմպիական խաղերի առաքելությունը՝ խաղաղ մրցակցության միջոցով միավորել աշխարհը:
Օլիմպիական խաղերը խաղաղության, միասնության և համերաշխության ուղերձ են, անկախ նրանից, թե որտեղ են դրանք անցկացվում >>: